Հայաստանում դեղերի ներմուծման ոլորտում մենաշնորհ չկա. ԴԱՆ միության ղեկավար

16:29   19 հունվարի, 2016

Հայաստանում դեղերի ներմուծման ոլորտում մենաշնորհ չկա, հունվարի  19-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության  (ԴԱՆՄ) ղեկավար Սամվել Զաքարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է բացատրվում այն փաստը, որ հենց  «Նատալի Ֆարմ» ընկերությանն է հնարավորություն տրվել ներկրելու այս պահին այդքան պահանջված Տամիֆլյու դեղամիջոցը:  

Սամվել Զաքարյանի խոսքով, Հայաստանում դեղ ներմուծող  43 ընկերություն է գրանցված եւ նրանցից յուրաքանչյուրը պայմանագրեր ունի տարբեր արտադրողների հետ:  «Եթե «Նատալի Ֆարմ» ընկերությունը պայմանագիր ունի Տամիֆլյուի արտադրողի հետ, ինքն է ներմուծում այդ դեղամիջոցը», - ասել է նա` հավելելով, որ  «Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» ընկերությունները այդ ոլորտում մենաշնորհատերեր չեն, այլ խոշոր ներմուծողներ:  

Նա նշել է, որ որեւէ փոքրիկ ընկերություն կարող է պայմանագիր ունենալ մի արտադրողի հետ եւ ներմուծել մեկ կամ մի քանի անուն դեղամիջոց, որոնք չունի «Նատալի Ֆարմը», եւ կարող է այդ դեղն իրացնել «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի միջոցով:  «Այսպիսով Հայաստանում դեղերի ներմուծման ոլորտում մենաշնորհ չկա», - դարձյալ նշել է նա:

 

 



© NEWS.am Medicine