14:37 12 մարտի, 2016Ամեն տարի հարբեցողությամբ տառապող հարյուրավոր մարդիկ Հայաստանում դիմում են մասնագետների օգնությանը: Հնարավո՞ր է բուժել հարբեցողությունը: Եվ ինչպե՞ս է հնարավոր օգնել նրանց, ովքեր չեն գիտակցում, որ բուժման կարիք ունեն:
Ինչպես նշել է Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի դիսպանսերային բաժանմունքի պետ Արտաշես Թումանյանը, հարբեցողությունը խրոնիկական հիվանդություն է, այդ պատճառով նպատակահարմար է խոսել ոչ թե ամբողջական բուժման, այլ հիվանդի վիճակի բարելավման մասին: Դեղային բուժման օգնությամբ մասնագետներին հաջողվում է հիվանդին օգնել հրաժարվել սպիրտային խմիչքներից, իսկ աջակցող բուժումը նրանց պիտի օգնի հետագայում եւս չվերադառնալ հարբեցողության: Օրինակ, կան դեղամիջոցներ, որոնք, ինչպես բացատրել է մասնագետը, հիվանդին թույլ չեն տալիս ալկոհոլ ընդունել` դրա նկատմամբ ալերգիկ հակազդեցության նման մի բան առաջացնելով: Այդ դեղամիջոցները երբեմն տալիս են արդեն բուժում ստացած հիվանդների` արդյունքը պահպանելու համար: Արդյունքը պահպանելուն կարող են օգնել նաեւ հոգեբույժները, եթե հիվանդները որոշեն դիմել նրանց:
Որոշ հիվանդներ հաջողությամբ հրաժարվում են սպիրտային խմիչքներից եւ տարիներ շարունակ, նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում չեն խմում: Ցավոք, պատահում են նաեւ այնպիսիք, որոնք սկսում են խմել երկար տարիների պահեցողությունից հետո եւ որոշ ժամանակ անց հիվանդը դարձյալ բժիշկների մոտ է հայտնվում:
Որոշ հիվանդներ բուժվելուց հետո հարցնում են, թե ինչպես չխմեն տոնակատարությունների ընթացքում: Մասնագետի խոսքով, նրանք պիտի գիտակցեն, որ իրենց անհրաժեշտ է ալկոհոլն ամբողջությամբ բացառել իրենց կյանքից:
Ի՞նչ անել, եթե Ձեր ազգականը կամ ընկերը ալկոհոլի հետ կապված խնդիր ունի:
Ինչպես նշել է Արտաշես Թումանյանը, ոչ ոք չի կարող հարբեցողությամբ տառապող մարդուն ստիպել, որ բուժում ստանա, մարդն ինքը պիտի ցանկանա դա: Այդ պատճառով անհրաժեշտ է միջոց գտնել նրան համոզելու, որ դիմի բժշկի, թեկուզ` խորհրդակցության համար: Մնացածը բժիշկը կանի:
Ցավոք, շատ հարբեցողներ չեն շտապում բժշկի դիմել. ոմանք չեն գիտակցում, որ իրենք խնդիր ունեն, մյուսները վստահ են, թե ի վիճակի են իրենք իրենց օգնել: Շատերը բժշկին են դիմում այն դեպքում միայն, երբ այլեւս ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել իրենց խնդիրները (այդ թվում նաեւ` առողջական), որոնք ի հայտ են գալիս ալկոհոլի հանդեպ կապվածությունից:
Նշենք, որ Հայաստանում հարբեցողության դեմ բուժումն անվճար է կատարվում, եթե հիվանդը երկրի քաղաքացի է եւ գալիս է անձնագրով: Անանուն բուժումը, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների բուժումը վճարովի է:
Հիշեցնենք, որ 2015-ի տվյալներով, Երեւանում հարբեցողությամբ 2205 հիվանդ է գրանցված: Հայաստանում նրանց թիվը մոտ 5000 է: