Սպորտով զբաղվելը երիտասարդության եւ ուժի բանալի է, պնդում են University of Guelph-ի գիտնականները (Կանադա): Նրանց խոսքով, տարեց մարդիկ, որոնք երիտասարդ հասակում լրջորեն սպորտով են զբաղվել, բջջային մակարդակում անհամեմատ ավելի առողջ եւ երիտասարդ մկաններ են ունենում, քան իրենց ավելի պասիվ ընկերները:
Journal of Applied Physiology ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները 80-ամյա մարզիկներին համեմատել են սպորտով չզբաղված իրենց հասակակիցների հետ: Ինչպես նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Ջեոֆ Փաուերը, հետազոտությանը մասնակցել է նաեւ թեթեւ ատլետիկայի 7 նախկին չեմպիոն: Նույնիսկ 80 եւ 90 տարեկանում ատլետների ոտքերը 25 տոկոսով ավելի ուժեղ եւ ամուր էին այլ մարդկանց ոտքերից: Ավելին, նախկին մարզիկների մոտ մկանային զանգվածը 14 տոկոսով ավելի մեծ էր:
Ծերացմանը զուգընթաց մարդու նյարդային համակարգը կորցնում է շարժիչ նեյրոնները, ինչի արդյունքում մարդը սկսում է կորցնել մկանային զանգվածը եւ մկանային ուժը, ավելի թույլ եւ դանդաղաշարժ է դառնում: 60 տարեկանից հետո այդ գործընթացն արագանում է: Բժիշկ Փաուերը նշել է, որ ծայրաստիճան կարեւոր է տարեց հասակում նեյրոնների եւ մկանների կորուստը կանգնեցնելու կամ գոնե դանդաղեցնելու միջոցներ գտնելը: Պարզվում է, ֆիզիկական վարժությունները կարող են այդ գործում մեծ դեր խաղալ եւ օգնել պահպանելու մարդու գործառնական բնութագրերը:
«Նույնիսկ տարեց հասակում ֆիզիկական ակտիվությունն օգնում է նվազեցնել մկանային զանգվածի կորուստը», - նշել է գիտնականը:






