Քաղցկեղից բուժված որոշ մարդկանց մոտ մի քանի տարուց հիվանդության կրկնություն են ախտորոշում կամ էլ անսպասելիորեն մետաստազներ են ի հայտ գալիս:  Ինչո՞ւ է քաղցկեղը հաճախ վերադառնում:   Այս հարցին փորձել են պատասխանել  Sloan Kettering Institute-ի (ԱՄՆ) գիտնականները: Նրանց աշխատանքը կարող է օգնել ավելի արդյունավետ թերապիա մշակել, որից հետո քաղցկեղն այլեւս չի վերադառնա: 

Դեպքերի մոտ 25 տոկոսում կրծքի ագրեսիվ քաղցկեղը վերադառնում է նույնիսկ վիրահատությունից եւ քիմիաթերապիայից հետո: Թոքերի քաղցկեղի դեպքում իրավիճակը նույնիսկ ավելի վատ է. դեպքերի գրեթե կեսում հիվանդների մոտ հիվանդությունը կրկնվում է:  Հետազոտության շրջանակում, որի մասին պատմել է  Cell-ը, գիտնականները փորձել են պարզել մարմնում քաղցկեղային բջիջների տարածման մեխանիզմը  այն բանից հետո, երբ թվում է, թե քաղցկեղը հաղթահարվել է:  Պարզվում է` քաղցկեղային բջիջները «թաքնվում են» առողջացած հիվանդների մարմնում, այդ պատճառով սկսում են մեղմորեն տարածվել ամբողջ օրգանիզմով` չնկատվելով իմունային համակարգի կողմից:  

Ինչպես պարզաբանել է բժիշկ Ջոան Մասագեն Memorial Sloan Kettering's Center for Metastasis Research-ից, քաղցկեղային ուռուցքն ի սկզբանե իր բջիջները տարածում է ամբողջ մարմնով: Այս բջիջների մեծամասնությունը հեռացվում է ուռուցքը հեռացնելիս կամ էլ մեռնում է, բայց որոշները գոյատեւում են: Որոշ ժամանակ անց  այս բջիջները կարող են որեւէ այլ օրգանում նոր օջախ ձեւավորել. այս երեւույթը կոչում են լատենտ մետաստազացում: 

Բժիշկ Շրինիվաս Մալլադին 6 տարվա ընթացքում մոդել է մշակել, որը բացատրում է լատենտ մետաստազացման մեխանիզմը: Կրծքի քաղցկեղով եւ սկզբնական փուլում գտնվող թոքի քաղցկեղով հիվանդներից քաղցկեղային բջիջներ վերցնելով` նա դրանք նշել է լուսարձակող ներկով եւ ներարկել մկներին:  Մի քանի ամսվա ընթացքում ներարկված բջիջների մեծամասնությունը մահացել է, բայց որոշները մնացել են. բժիշկը դրանք հայտնաբերել է մկների թոքերում եւ երիկամներում  «թաքնվելիս»:

Հետո բժիշկը սկսել է հետեւել այդ բջիջների պահվածքին եւ պարզել է, որ դրանք իրենց պահել են ճիշտ ցողունային բջիջների նման. ժամանակ առ ժամանակ կիսվել են` փոխարինելով վնասված հյուսվածքներին: Հենց քաղցկեղային եւ ցողունային բջիջների նմանությամբ է բացատրվում այն, թե դրանք ինչպես են կիսվում եւ վնասում օրգանները, որոնք հեռու են սկզբնական օջախից:   

Ավելին, հատուկ նյութի` որպես WNT ինհիբիտոր հայտնի սպիտակուցի այդ բջիջների աճը դանդաղում էր, ինչի հետեւանքով իմունային համակարգը չէր նկատում եւ չէր հարձակվում դրանց վրա, եւ դրանք կարող էին հանգիստ տեղաշարժվել մարմնով: Բացի այդ, քիմիաթերապիան սպանում է հիմնականում կիսվող բջիջները, իսկ այս`   «հանգիստ» բջիջները սովորաբար անվնաս են մնում: Եվ ժամանակի հետ դրանք կարող են քաղցկեղի կրկնության հանգեցնել:  

Գիտնականների կարծիքով, այս մեխանիզմի ընկալումը կօգնի ավելի արդյունավետ թերապիա մշակել եւ քաղցկեղի բուժումն իրոք վերջնական դարձնել: