Սուրճը մեծահասակներին օգնում է ավելի արագ մտածել ու արագացնում է նրանց արձագանքը: Նման եզրակացության են հանգել University of Bristol –ի բրիտանացի գիտնականները մի փոքրիկ հետազոտությունից հետո, որին մասնակցել է 55-91 տարեկան 38 մարդ: Այդ հետազոտության մասին նրանք հայտնել են Cognitive Neuroscience Society-ի ամենամյա հանդիպման ժամանակ:
Փորձը սկսելուց առաջ Կանչան Շարման ու մյուսները մի քանի թեստ են արել ու ստուգել փորձի մասնակիցների արձագանքելու արագությունն ու նրանց ընկալման մյուս առանձնահատկությունները: Դրանից հետո հեղինակները հետազոտության մասնակիցներին խնդրել են մեկ շաբաթով հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից: Մի շաբաթ հետո մի խմբին առաջարկել են մեկ բաժակ սուրճ խմել կոֆեինով, իսկ մյուսին՝ առանց կոֆեինի ըմպելիք, որից հետո յուրաքանչյուր մասնակիցը նորից է թեստ անցել մտքի ու արձագանքի արագությունը ստուգելու համար:
Պարզվել է, որ կոֆեին պարունակող սուրճն իրոք օգնում էր ավելի արագ մտածել, իսկ Սթրուփի թեստում, որի ժամանակ մասնակիցներին առաջարկում էին կարդալ գույնզգույն տառատեսակներով գրված գույների անվանումները (օրինակ «կարմիր» բառը գրված էր դեղինով), նրանք ավելի լավ արդյունքներ են գրանցել նրանց համեմատ, ովքեր առանց կոֆեինի սուրճ էին խմել:
Սակայն հեղինակները շեշտում են, որ հետազոտության մասնակիցների թիվը չափից քիչ է ու այս տվյալները հաստատելու համար պետք է փորձը կրկնել ավելի մեծ քանակությամբ մասնակիցների հետ:






