Թարմ մրգերի կանոնավոր օգտագործումը մարդկանց պաշտպանում է սրտի եւ ուղեղի կաթվածներից: Մարդիկ, որոնք հաճախ միրգ են ուտում, անհամեմատ ավելի հազվադեպ են բախվում նման խնդիրների, քան նրանք, ում սննդակարգում մրգերն ավելի քիչ են: Այդ մասին հայտնում են չինացի հետազոտողները University of Oxford-ի գիտնականների հետ:

Հետազոտության շրջանակում, որը յոթ տարի է տեւել, Ժենմին Չենը եւ իր գործընկերները ուսումնասիրել են գրեթե կես մլն մարդու սննդակարգի առանձնահատկությունները (հատուկ ուշադրություն է հատկացվել օգտագործվող մրգի քանակին), կենսակերպին, վնասակար սովորույթներին, ֆիզիկական ակտիվության մակարդակին: Բացի այդ, վերլուծվել են մասնակիցների բժշկական քարտերը: Փորձարկմանը մասնակցած կամավորներից ոչ ոք հետազոտության սկզբում որեւէ սրտանոթային հիվանդությամբ չի տառապել եւ չի ընդունել ճնշումն իջեցնող դեղամիջոցներ: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ մրգի օրական հարյուր գրամ չափաբաժինը մեկ երրորդով նվազեցրել է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը: Այդ կապը նկատելի էր ինչպես տղամարդկանց մոտ, այնպես էլ` կանանց: 

Գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի հաճախակի թարմ միրգ ուտել, չէ որ իրականում դրանք օգտակար են առողջության համար եւ պաշտպանական ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա: