Ճարպի բարձր պարունակությամբ կաթնամթերքն անհամեմատ ավելի օգտակար է, քան յուղազրկվածը, նույնիսկ նիհարել ցանկացող մարդկանց համար: Ավելին, ճարպոտ կաթնամթերքն օգնում է ավելի արդյունավետ կերպով վերահսկել դիաբետը: Այդ մասին հայտնում են Tufts University-ի եւ Harvard University-ի գիտնականները:
Գիտնականների խոսքով, այն մարդիկ, որոնք յուղոտ կաթնամթերք են օգտագործում, որպես կանոն ավելի փոքր քաշ են ունենում, քան նրանք, որոնք յուղազրկված կաթ են խմում: Բացի այդ, չզտված կաթ խմող մարդիկ դիաբետի զարգացման ավելի փոքր շանսեր ունեն:
Գիտնականները հետազոտել են 3333 չափահաս մարդու արյան անալիզը եւ պարզել են, որ յուղի բարձր պարունակությամբ կաթնամթերքի սիրահարներն առանձնացել են ավելի ամուր առողջությամբ. Մասնավորապես, նրանց մոտ դիաբետի զարգացման վտանգը 46 տոկոսով պակաս էր այն մարդկանց համեմատ, որոնք յուղազրկված մթերքներ էին նախընտրում:
Գիտնականների խոսքով, յուղոտ կաթնամթերքում առնվազն երեք բաղադրիչ կա, որոնք պատասխանատու են դիաբետով հիվանդացման նվազման համար: Դիաբետով հիվանդացման վտանգի նվազմանը նպաստում են նաեւ նման մթերքների բաղադրության մեջ առկա ճարպային թթուները:
Ինչ վերաբերում է ճարպակալման զարգացման հավանականության վրա կաթնամթերքի ազդեցությանը, այդ կապի ուսումնասիրման համար գիտնականները համեմատել են 18 438 կնոջ առողջական վիճակը, որոնցից 8238-ի մոտ 11 տարի անց ճարպակալման նշաններ են հայտնվել: Գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք ճարպի առավել բարձր պարունակությամբ կաթնամթերք էին օգտագործում, գիրանալու ավելի փոքր շանսեր ունեին: Միաժամանակ այսպիսի հարաբերություն է հայտնաբերվել. որքան ավելի շատ էին կանայք ճարպի բարձր բաղադրությամբ կաթնամթերք օգտագործում, այնքան քիչ էին գիրանում:






