Կանանց կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ, իսկ մյուս կաթնասունների (մկներից սկսած մինչեւ կով) կաթում կա շաքարի ընդամենը 30-50 տարատեսակ: Մարդու  կաթը  ավելի բարդ բաղադրություն ունի, վստահեցնում են Institute of Physiology at the University of Zurich–ի գիտնականները:

Գիտնականների համար դեռ հանելուկ է մնում այդ շաքարներից յուրաքանչյուրի դերը ինչպես նաեւ այն, թե ինչու է կրծքով կերակրելու ժամանակ կաթի բաղադրությունը փոխվում:

Կենդանիների մեծամասնության, ինչպես եւ մարդկանց մոտ կաթն ամենաառաջին մթերքն է, որը նրանք ստանում են ծնվելուց հետո: Նորածինները լույս աշխարհ են գալիս ստերիլ, նրանց աղիները ոչ մի մանրէ չեն պաարունակում, սակայն արդեն մի քանի օրից այնտեղ լինում են միլիոնավոր՝ իսկ մի քանի շաբաթից միլիարդավոր միկրոօրգանիզմներ: Մայրական կաթի հետ ստացվող շաքարները սովորաբար ամենաառաջին բաղադրիչներն են, որոնք օգտագործում են մանրէները, ըստ երեւույթին հենց դրանց շնորհիվ էլ զարգանում է աղիների միկրոֆլորան:

Մարդկային կրծքի կաթը կարեւոր դեր է կատարում նաեւ երեխայի իմունային համակարգի զարգացման հարցում: Ծնվելուց հետո երեխան ստանում է կաթ, որը հագեցած է մոր օրգանիզմի հակամարմիններով, որոնք պաշտպանում են նրան վնասակար մանրէներից ու ինֆեկցիաներից:

Արդեն մեկ ամսից նորածինների մոտ սկսում է ձեւավորվել սեփական ադապտիվ իմունային համակարգը, ու մոր կրծքի կաթը փոխվում է, քանի որ մայրական հակամարմինների մակարդակը նվազում է առավել քան 90 տոկոսով: Կրծքի կաթում դիտարկվում է նաեւ շաքարի մոլեկուլների բազմազանության զգալի կրճատում, ինչը նվազեցնում է մանրէների համար ընտրությունը: Երեխայի մեծանալուն զուգահեռ մայրական կաթում ավելանում է ճարպի ու այլ նուտրիենտների քանակությունը, որոնք օգտակար են երեխայի աճի համար:

Այս մասին պատմում է Trends in Biochemical Sciences ամսագիրը: