Գարեջրում նյութ է պարունակվում, որը բարելավում է արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը եւ օգնում է նիհարել: Այդ մասին հայտնում են Օրեգոնի նահանգի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են   Archives of Biochemistry and Biophysics ամսագրում:

Գիտնականները գարեջրի ճարպայրող ազդեցությունը հաստատել են մկների վրա փորձարկման ընթացքում, որոնք հավելումներ էին ստանում քսանտոգումոլի տարբեր խտություններով. Այդ կենսաակտիվ նյութն ի վիճակի է պայքարել մարմնում ճարպային նստվածքների դեմ: 

Մկներին սկզբում կերակրում էին ճարպերի բարձր պարունակություն ունեցող սննդով, ինչից հետո նրանց քսանտոգումոլով հավելումներ էին տալիս: Ավելորդ քաշով այն կրծողները, որոնք ֆլավոնոիդ էին ստանում, արդյունքում արյան մեջ վնասակար նշիչների նվազման լավագույն ցուցանիշներն էին ունեցել:   

«Մկների արյան մեջ, որոնք քսանտոգումոլի ամենաբարձր չափաբաժիններն էին ստանում, «վատ» խոլեստերինի մակարդակը նվազել էր 80 տոկոսով, ինսուլինի հորմոնինը`  42 տոկոսով, իսկ բորբոքման IL-6 կենսանիշները` 78 տոկոսով այն կենդանիների համեմատ, որոնք ընդհանրապես հավելում չէին ստանում», - պատմել են գիտնականները:  

Բացի այդ, համանման սննդի դեպքում այն կենդանիները, որոնք քսանտոգումոլ էին ստանում,   22 տոկոսով պակաս էին քաշ կուտակում, քան մնացած մկները: 

Քսանտոգումոլի առավելագույն չափաբաժինը, որ օրական ստանում էին լաբորատոր մկները,  ամեն մեկ կգ քաշի դիմաց   60 մգ էր: Մարդկային չափումներով, դա օրական   350 մգ է 70 կգ քաշի դեպքում: Խնդիրն այն է, որ չնայած գարեջրում բավականին մեծ քանակությամբ քսանտոգումոլ է պարունակվում, մարդը ստիպված կլինի օրական գրեթե   2000 լ գարեջուր խմել նույն քանակությամբ ճարպայրող նյութ ստանալու համար: Այդ պատճառով նիհարելու համար գարեջրի օգուտն ընդամենը տեսական է: