International School for Advanced Studies-ի գիտնականները գենային թերապիայի մեթոդ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է բավականին արդյունավետորեն բուժել ուղեղի ագրեսիվ քաղցկեղի տեսակներից մեկը` գլիոբլասթոման:

Բուժման առանցքային տարր կդառնա Emx2 անունով հայտնի գենը, որը պատասխանատու է աստրոցիտների աճի ճնշման համար` գլիալ բջիջների, որոնք նեյրոնների պահպանության, սնուցման եւ պաշտպանության, ինչպես նաեւ նրանց գործառույթի կարգավորման դեր են կատարում:

Երբ սաղմն աճում է, նեյրոններն ակտիվորեն կիսվում են, իսկ գլիալ բջիջներն իրենց ժամին են սպասում: Այն բանից հետո, երբ նյարդային համակարգը վերջնականապես ձեւավորված է, սկսում են բազմանալ աստրոցիտները: Այդ ընթացքում տեղի է ունենում Emx2-ի ակտիվության կտրուկ նվազում:

Քանի որ այդ գենը, ըստ երեւույթին, կարգավորում է գլիալ բջիջների աճը, գիտնականները ենթադրել են, որ այն հնարավոր է օգտագործել նաեւ գլիաբլասթոմայի դեմ պայքարում, չէ որ ուռուցքը շատ նման է աստրոգլիայի` աստրոցիտների ամբողջության: Բջջային մշակությունների վրա առաջին փորձարկումները ցույց են տվել, որ Emx2 գենի ակտիվացումը հաջողությամբ կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը:

Պարզվել է, որ Emx2 գենը նպաստում է վեց տարբեր կետերում ուռուցքի նյութափոխանակության խանգարմանը, ինչը ուռուցքին բավականին քիչ շանսեր է տալիս շրջանցելու բուժումը եւ «ողջ մնալու»:

Գիտնականները բուժումը փորձարկել են նաեւ մկների վրա եւ ԴՆԹ-ի հատված են հայտնաբերել, որը Emx2-ն ակտիվացնում է միայն չարորակ բջիջներում: Մեռած վիրուսներն օգտագործելով` հետազոտողները կարողացել են երկու ակտիվ գեներն էլ ուռուցքին հասցնել, որտեղ դրանք ներկառուցվել են աստրոցիտների գենոմներում: Արդյունքում գենային թերապիան հաջողությամբ հաղթահարել է գլիոբասթոմայի չորս տարատեսակը, չվնասելով նյարդային համակարգի առողջ բջիջները:

Այդ աշխատանքի մասին հաղորդում է Oncotarget ամսագիրը: