Սինգապուրի Institute of Bioengineering and Nanotechnology ինստիտուտի գիտնականները IBM–ի հետազոտողների հետ համագործակցելով մշակել են հակավիրուսային մակրոմոլեկուլ, որի օգնությամբ հնարավոր է կանխել Զիկա վիրուսի, Էբոլայի, հերպեսի ու գրիպի տարածումը:
Գիտնականները վստահեցնում են, որ մակրոմոլեկուլն անվտանգ է եւ ոչ թունավոր բջիջների համար: Մակրոմոլեկուլը կապակցվում է ոչ թե վկիրուսային ՌՆԿ-ի կամ ԴՆԹ-ի հետ (ինչպես ավանդական հակավիրուսային միջոցների դեպքում), այլ գրոհում գլիկոպրոտեինները, որոնք գտնվում են վիրուսային պատյանի մակերեսին: Գլիկոպրոտեինները անհրաժեշտ են վիրուսը բջիջներին ամրացնելու համար: Այսպիսով մակրոմոլեկուլը քայքայում է վիրուսը ներսից, այլ ոչ թե դրսից:
Քանի որ մակրոմոլեկուլը շատ ավելի մեծ է վիրուսից, այն միանում է նրան ու թույլ չի տալիս գրավել առողջ բջիջներն ու վարակել դրանք: Բացի դրանից մոլեկուլը ազդում է pH–ի վրա ՝ փոխելով այն ու թթվից չեզոք դարձնելով, ինչն էլ իր հերթին խանգարում է վիրուսի ռեպլիկացիային ու օրգանիզմում դրա տարածմանը: Հաջորդ փուլում մակրոմոլեկուլը գրավում է իմունային բջիջները, որոնք գրոհում են վիրուսը ու ոչնչացնում այն:
Գիտնականները փորձարկել են իրենց մշակումը լաբորատոր պայմաններում այն բջիջների վրա, որոնք վարակել էին հերպեսի, գրիպի, Զիկայի, դենգե տենդի ու չիկունգունյայի վիրուսներով: Մակրոմոլեկուլը հաջողությամբ կանխել է վիրուսային ինֆեկցիայի տարածումը:
Այդ մակրոմոլեկուլները կարող են ընդգրկվել օճառի կամ հիգիենայի այլ պարագաների կազմում. օգտագործելով դրանք՝ մարդիկ կկարողանան ոչնչացնել ձեռքերի մակերեսին գտնվող վտանգավոր վիրուսները, ինչը կօգնի պայքարել Զիկա տենդի, Էբոլայի նման հիվանդությունների դեմ:
Այս հետազոտության մասին պատմում է Macromolecules ամսագիրը:






