Բոբիկ վազքն ամրապնդում է մարդու հիշողությունը եւ նպաստում է ուղեղի` տեղեկությունը մշակելու կարողությանը, պնդում են Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները: 

Գիտնականները 18-ից 44 տարեկան 72 կամավորի խնդրել են բոբիկ կամ կոշիկով վազել իրենց հարմար տեմպով, մոտավորապես 16 րոպե: Միաժամանակ մասնակիցները  ստիպված են եղել ոտքերը դնել մանր առարկաների վրա, ինչը պիտի հիշեցներ փողոցային վազքի պայմանները: Վազքից առաջ եւ հետո կամավորների մոտ ստուգել են այսպես կոչված աշխատանքային հիշողությունը` տեղեկության փոքրիկ հատվածներ «մտքում պահելու» կարողությունը, որոնք անհրաժեշտ են այս պահի մտածողական գործունեության համար: Հենց նման հիշողություն ենք մենք օգտագործում, երբ, օրինակ, մտապահում ենք հեռախոսահամարները կամ գնումների ցուցակը:  

Պարզվել է, որ կամավորների խմբի մոտ, որը բոբիկ է վազել, վազքից հետո աշխատանքային հիշողությունը բարելավվել է 16 տոկոսով: Իսկ կոշիկով վազքը այդ առումով էական արդյունք չի տվել: 

«Եթե մենք հանենք կոշիկները եւ վազենք, վարժության ավարտին մենք մի քիչ ավելի խելացի կդառնանք», - ասել է Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի աշխատակից Ռոսս Էլլոուվեյը: 

Գիտնականներն այդ տարբերությունը բացատրել են նրանով, որ բոբիկ վազքը, ըստ երեւույթին, մտավոր ավելի մեծ լարում է պահանջում եւ օպերատիվ հիշողության ավելի ակտիվ օգտագործում, ինչը նպաստում է նրա զարգացմանը: Նրանց խոսքով, երբ մարդկանց ոտքերը ոչնչով պաշտպանված չեն, նրանք ստիպված են լինում  ավելի մեծ ուշադրություն դարձնել նրան, թե որտեղ են ոտքը դնում, հակառակ դեպքում վնասվածք ստանալու ռիսկ կա: 

Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են  Perceptual and Motor Skills ամսագրում: