Lewis Katz School of Medicine at Temple University-ի մոլեկուլյար կենսաբաններին Քեմել Խալիլի ղեկավարությամբ հաջողվել է ապրող կենդանիների գենոմից կտրել մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի ԴՆԹ-ի սեգմենտը: Այդ նպատակով նրանք գեների խմբագրման  CRISPR/Cas9 տեխնոլոգիան են օգտագործել:

Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ CRISPR/Cas9 համակարգն ի վիճակի է հեռացնել վիրուսի գեները, որոնք ներկառուցվում են տեր բջջի գենոմում: Սակայն փորձարկումներն իրականացվել են այնպիսի բջիջների մշակության վրա, որոնք  վերցվել էին ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներից եւ մինչ այժմ չէր ապացուցվել, որ մեթոդը կազդի կենդանի օրգանիզմի վրա: 

Վերջին աշխատանքում կենսաբանները ստուգել են, թե գենի խմբագրման տեխնոլոգիան կկարողանա արդյոք ՄԻԱՎ-ը կտրել տրանսգենային առնետների եւ մկների օրգանիզմից, որոնց մոտ վիրուսի գեները ներդրվել էին յուրաքանչյուր օրգանի յուրաքանչյուր բջջում:  Վիրուսի գեների հեռացման նպատակով փոփոխության ենթարկված CRISPR համակարգը կենդանիների մեջ ներմուծելու համար գիտնականներն օգտագործել են ադենովիրուսային վեկտոր` մոլեկուլ, որն իր մեջ պարունակում էր բոլոր անհրաժեշտ նուկլեոտիդային շարքերը, ինչպես նաեւ Cas սպիտակուցի գեներ:

Փորձարկման սկզբից երկու շաբաթ անց գիտնականները վերլուծել են կենդանիների գենոմները: ՄԻԱՎ-ի նպատակային սեգմենտը կտրվել է յուրաքանչյուր հյուսվածքի ԴՆԹ-ից, այդ թվում` գլխուղեղի, երիկամների, թոքերի, փայծաղի եւ արյան բջիջների: Վիրուսային ՌՆԿ-ի անալիզը ցույց է տվել, որ դրա քանակը մեծապես նվազել է լիմֆոցիտների բջիջներում, ինչպես նաեւ ավշային հանգույցներում: 

Հիշեցնենք, որ այսօր ՄԻԱՎ-ի բուժման համար հակառետրովիրուսային թերապիա են օգտագործում, որը ճնշում է վիրուսի բազմացումը, բայց չի կարող այն հեռացնել վարակված բջիջներից: 

Այդ մասին պատմվում է Gene Therapy ամսագրում: