Ճապոնիայի համալսարաններից գիտնականների չորս խումբ պատրաստվում է կլինիկական հետազոտություն կատարել, որի շրջանակում կփորձեն աչքերի լուրջ հիվանդությունները բուժել դոնորներից վերցված ցողունային բջիջների միջոցով: Այդ բջիջներից ցանցենի կաճեցվի, որը հետագայում կփոխպատվաստվի հիվանդին:  

Վերջերս Ճապոնիայի գիտնականները հաջողությամբ վիրահատել էին 70-ամյա կնոջ, որը տառապում էր տարիքային մակուլոդիստրոֆիայով. դա հիվանդություն է, որի դեպքում ժամանակի ընթացքում դեգեներացիայի է ենթարկվում աչքի կենտրոնական հատվածը` մակուլան:  Հիվանդությունը տարածված է եւ ավագ տարիքի (50 տարեկան եւ ավելի) մարդկանց մոտ տեսողության կորստի հիմնական պատճառն է համարվում: 

Հիվանդը մասնակցել է հետազոտությանը, որը սկսվել էր դեռեւս  2013 թվականին, բայց միայն 2016-ին են գիտնականները հայտնել, որ նրա մաշկի հյուսվածքից աճեցված բջջանյութի փոխպատվաստումը հաջող է անցել եւ կնոջ տեսողությունը մասամբ վերականգնվել է:  Սակայն նման վիրահատությունների արժեքը հարյուր հազարավոր դոլարների է հասնում, իսկ փոխպատվաստման համար անհրաժեշտ հյուսվածքի նախապատրաստությունը երկար ժամանակ է խլում, տվյալ դեպքում`   10 ամիս: Այդ ժամանակի ընթացքում գիտնականները նախ հիվանդից  մաշկի նմուշ են վերցրել, հետո  որոշակի սպիտակուցներ օգտագործելով ստացված բջիջները վերածրագրավորել են որպես ինդուկցված բազմապոտենտ բջիջներ, որոնք կարող են վերածվել օրգանիզմի ցանկացած հյուսվածքի եւ դրանից հետո միայն ստեղծել են  անհրաժեշտ նյութը: 

Նոր հետազոտությանը մասնակցում են Օսակա եւ Կիոտո քաղաքների համալսարանները, ինչպես նաեւ RIKEN հետազոտական լաբորատորիան եւ Կոբեի կենտրոնական հիվանդանոցը: Նրանք նախատեսում են աշխատել դոնորների հետ, որոնց իմունային համակարգը որոշակի առանձնահատկություններ ունի, թե ինչպիսին, չի ճշտվում: Գործընթացը տեղի կունենա մոտավորապես այնպես, ինչպես վերը նկարագրված է, բայց գիտնականները համարում են, որ նախօրոք նախապատրաստված բջիջների կիրառումը կհեշտացնի փոխպատվաստման գործընթացը եւ այն ավելի էժան եւ ավելի մատչելի կդարձնի մակուլոդիստրոֆիայով տառապող հիվանդների համար: