Ճարպակալման զարգացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ավելորդ քաշով մարդիկ հաճույքի կենտրոնի աշխատանքի խանգարումների պատճառով անհամեմատ ավելի ուժգնորեն են ընկալում քաղցրի համը: Այդ մասին ասված է Diabetes ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք կարծում ենք, որ մեզ հաջողվել է նոր անոմալիա գտնել ճարպակալումից տառապող մարդկանց ուղեղի աշխատանքում. այն, թե նրանց կենտրոնն ինչպես է արձագանքում սննդի ընդունմանը եւ հաճույքի հորմոնի մոլեկուլներ է արտադրում: Սովորաբար մենք մեծանալուն զուգահեռ աստիճանաբար կորցնում ենք քաղցր սննդի համը եւ հաճույքի ռեցեպտորների քանակը մեր ուղեղի այսպես կոչված զոլավոր մարմնում անկում է ապրում: Պարզվել է, որ դա բնութագրական չէ գեր մարդկանց», —  հայտնել է Յանինա Պեպինոն Սենտ Լյուիսում Վաշինգտոնի համալսարանից   (ԱՄՆ):

Պեպինոն եւ իր գործընկերներն այդ եզրակացությանն են հանգել` հետեւելով 20 առողջ եւ ճարպակալման ծայրաստիճան ծանր տեսակից տառապող 24 մարդու ուղեղի աշխատանքին: Փորձարկման շրջանակում գիտնականները կամավորներին գազավորված ջրի փոքրիկ չափաբաժիններ են տվել շաքարի տարբեր մասնաբաժնով, հետաքրքրվել են, թե որքան քաղցր են համարում այն եւ ՊԷՏ տոմոգրաֆիայի միջոցով հետեւել են  ուղեղի ակտիվության  փոփոխություններին: 

Պեպինոն բացատրում է, որ գիտնականներին հետաքրքրում էր, թե զոլավոր մարմնում ռեցեպտորների թվի նվազումն ինչպես կազդի կամավորների ճաշակի վրա. ռեցեպտորների անոմալ բարձր կամ ցածր թիվը կարող էր նույնացվել, ենթադրում էին գիտնականները, ճարպակալման հակման հետ: Իրականությունը լիովին այլ է եղել: 

Պարզվել է, որ նման կախվածություն իրոք կա, բայց միայն սլացիկ մարդկանց մոտ. որքան քիչ են նրանց ուղեղում դոֆամինային ռեցեպտորները, այնքան ուժգնորեն են նրանք զգում քաղցրի համը եւ սիրում են քաղցր սնունդը: Մյուս կողմից, նման բան չի դիտարկվում ճարպակալումից տառապող կամավորների շրջանում. քաղցր սնունդ ուտելու նրանց հակումը ոչ մի կերպ չի արտացոլվել ուղեղի տվյալ հատվածի աշխատանքի վրա: 

Գիտնականները ենթադրում են, որ այդ խանգարումները կարող են առաջանալ այն գործընթացներից, որոնք հանգեցնում են ինսուլինի մոլեկուլների նկատմամբ մարմնի բջիջների անընկալունակության: Դա հավանաբար նրանց ստիպում է քաղցր սնունդն ավելի համեղ համարել, քան այն թվում է առողջ մարդկանց եւ հանգեցնում է շատակերության: