Ամբողջ կյանքում մեզ խորհուրդ են տալիս բոլոր միջոցներով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սակայն այժմ Բոստոնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) պարզել են, որ խոլեստերինի ցածր մակարդակը ոչ պակաս վնասակար է եւ, մասնավորապես, բացասաբար է ազդում մարդու մտավոր կարողությունների վրա:
Գիտնականները նկատել են, որ որքան ավելի քիչ խոլեստերին է պարունակվում մարդու արյան մեջ, այնքան շատ մտածողական խնդիրներ կարող է ունենալ նա. խոլեստերինի նվազագույն պարունակությամբ մարդկանց մոտ մտավոր կարողությունները նվազած են ամբողջ 49 տոկոսով խոլեստերինի բարձր պարունակությամբ մարդկանց համեմատ:
Գիտնականների խոսքով, խոլեստերինի անբավարար մակարդակն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են մտածողության եւ տեղեկություններ մտապահելու համար եւ դրանց թույլ չի տալիս արդյունավետորեն համապատասխանություններ փնտրել, բառեր մտապահել եւ կենտրոնացնել ուշադրությունը:
Դա պարզելու համար գիտնականները 789 տղամարդու եւ 1105 կնոջ են հետազոտել: Նրանցից յուրաքանչյուրին տեքստերի ընտրանի է առաջարկվել, որոնցով որոշվել են նրանց մտավոր կարողությունները: Փորձարկվողներից նաեւ արյան նմուշներ են վերցվել, որոնցում որոշվել է խոլեստերինի տարբեր ձեւերի պարունակությունը: Արդյունքում պարզվել է, որ տրամաբանական խնդիրներ լուծելու եւ ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը կտրուկ նվազում է ցածր խոլեստերինի հետեւանքով:






