California Polytechnic State University համալսարանի գիտնականները Ինկերի կայսրությանը պատկանող հին մումիաների աղիներում հայտնաբերել են ժամանակակից հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէներ:
Տաշա Սանտիագո-Ռոդրիգեսը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են Իտալիայում 15-18 դարերով թվագրվող վեց զմռսված դիակ եւ 10-14 դարերով թվագրվող երեք ինկային մումիա: Նրանք ուսումնասիրել են մումիաների աղիներից վերցված ԴՆԹ-ները եւ բացահայտել են, որ այնտեղ գտնվող մանրէների մեծ մասը կայուն են եղել ժամանակակից հակաբիոտիկների նկատմամբ, որոնց թվում են պենիցիլինը, վանկոմիցինը եւ տետրացիկլինը:
Այս հայտնությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն գեները գոյություն են ունեցել դեռեւս հենց հակաբիոտիկների հայտնվելուց առաջ: Այդ դեղերի լայնամասշտաբ օգտագործումը սկսվել է 1928 թվականից հետո, երբ Ալեքսանդր Ֆլեմինգը բացահայտել էր պենիցիլինը, սակայն այդ դեղորայքների ազդեցությունից պաշտպանող գեները սկսել են տարածվել տարբեր տեսակի մանրէների մեջ շատ ավելի շուտ:
Այսօր հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ կայուն «սուպերմանրէների» թիվը գնալով շատանում է: Օրերս հայտնաբերվել է եւս մեկ գեն, որը միկրոօրգանիզմներին ապահովում է ամենաուժեղ հակաբիոտիկ կոլիստոնի հանդեպ կայունություն; կոլիստոնը օգտագործվում է անհույս դեպքերի ժամանակ, երբ բոլոր մնացած դեղամիջոցները անօգուտ են դառնում: Այժմ հայտնի են մանրէների կայունության համար պատասխանատու երկու գեն, իսկ հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ:
Հակաբիոտիկների դեմ կայունության հետագա տարածումը կբերի նրան, որ դրանցով այսօր բուժվող շատ ինֆեկցիաներ կդառնան անբուժելի, եւ մարդկությունը, ինչպես վախենում են շատ մասնագետներ, կվերադառնա միջնադար, երբ ինֆեկցիոն հիվանդությունները խլում էին հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։






