Մատները ծծելու եւ եղունգները կրծելու սովորությունը այնքան վնասակար չէ, որքան ոմանք կարծում են. նման սովորություններով երեխաներն ավելի հազվադեպ են բախվում ալերգիաների, պնդում են New Zealand's Dunedin School of Medicine-ի գիտնականները:
Հետազոտության ընթացքում, որին օգնում էր նաեւ McMaster University's Michael G. DeGroote School of Medicine-ից (Կանադա) պրոֆեսոր Մալքոլմ Սիրսը, գիտնականները ենթադրել են, որ երկու վերոհիշյալ «վնասակար» սովորույթների շնորհիվ իմունային շատ մանրէներ են հայտնվում, որոնց անհրաժեշտ է վնասազերծել:
Բազմամյա հետազոտությանը, որը հաստատել է գիտնականների հիպոթեզը, 5, 7, 9 եւ 11 տարեկան ավելի քան հազար նորզելանդացի է մասնակցել: Նրանց 31 տոկոսը խոստովանել է, որ հաճախ է ծծում մատները կամ կրծում եղունգները: Հետագայում գիտական խումբը հետազոտության մասնակիցների մոտ ստուգել է ալերգիկ հակազդեցությունների առկայությունը` մաշկի նմուշներ վերցնելով, երբ նրանց 13, իսկ հետո` 32 տարին է լրացել: 13 տարեկանում ալերգիան ի հայտ է եկել երեխաների 45 տոկոսի մոտ: Նրանց մեջ, ովքեր վերոհիշյալ վնասակար սովորույթներից գոնե մեկն է ունեցել, այդ տոկոսն ավելի ցածր է եղել` 40 տոկոս: Պատանի նորզելանդացիները, որոնք հայտնել են երկու վնասակար սովորույթն ունենալու մասին (այսինքն նրանք եւ կրծել են եղունգները, եւ ծծել են մատները, էականորեն ավելի հազվադեպ են ալերգիաների բախվել. դեպքերի ընդամենը 31 տոկոսը, ընդ որում` ոչ միայն մանուկ հասակում, այլեւ` չափահաս:
«Մեր եզրահանգումները հաստատում են հիգիենիկ այն տեսությունը, որ որքան ավելի շուտ է մարդը ծանոթանում կեղտին եւ բակտերիաներին, այնքան փոքր է նրա մոտ ալերգիայի զարգացման հավանականությունը: Մենք խորհուրդ չենք տալիս խրախուսել այդ սովորույթները, բայց դրանք այնուամենայնիվ ունեն դրական ազդեցություն», - նշել է Մալքոլմ Սիրսը:






