Հակադարձ կապ գոյություն ունի հեծանվասպորտով կանոնավորապես զբաղվելու եւ 2-րդ տեսակի դիաբետի միջեւ, հաճախ հեծանիվ քշող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում դիաբետով, քան ավելի պասիվ մարդիկ: Այդ մասին հայտնում են University of Southern Denmark-ի գիտնականները:

Հետազոտության ղեկավար Մարտին Ռասմուսենի խոսքով, երբեք ուշ չէ հեծանվի անցնելու համար, եւ նույնիսկ ավագ տարիքի մարդիկ, որոնք նախկինում երբեք հեծանիվ չեն քշել, կարող են դիմել այդ մարզաձեւին` նվազեցնելու դիաբետի զարգացման ռիսկը:  

Վերոհիշյալ գիտնականների անցկացրած հետազոտությանը 50-ից 65 տարեկան 24 623 տղամարդ եւ 27 890 կին է մասնակցել: Նրանց հետ առաջին հանդիպման ընթացքում գիտնականները պարզել են, թե արդյոք նրանք հեծանիվ են քշում եւ որքան հաճախակի, ինչպես նաեւ հարցեր են տվել նրանց առողջության վերաբերյալ: Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք կանոնավորապես հեծանիվ են քշել, երկրորդ տեսակի դիաբետի հանդեպ ավելի փոքր հակվածություն են ունեցել, ընդ որում, շաբաթվա ընթացքում որքան քիչ ժամանակ է մարդն անցկացրել հեծանվի վրա, այնքան փոքր է եղել այդ հիվանդության զարգացման ռիսկը: 

Հետո հետազոտության բոլոր մասնակիցների հետ կրկնական կապվել են` առաջին հարցումից 5 տարի անց, եւ պարզել են, թե այս անգամ գործերն ինչպես են: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք շարունակել են կանոնավորապես զբաղվել սպորտի այդ տեսակով, 2-րդ տեսակի դիաբետով հիվանդանալու հավանականությունը 20 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց մոտ, որոնք այդ ընթացքում հեծանիվ չեն նստել: Հիվանդանալու ռիսկի նվազում է դիտարկվել նույնիսկ ավագ տարիքի այն մարդկանց մոտ, որոնք նոր են սկսել հեծանիվ քշել: 

Գիտնականները եզրակացրել են, որ հեծանվասպորտի օգուտն ակնհայտ է եւ նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար սպորտի ժամանակ չեն ունենում, կարող են սկսել հեծանիվն օգտագործել որպես տրանսպորտային միջոց: 

Այդ մասին պատմում է գիտական PLOS Medicine ամսագիրը: