Արեւապաշտպան քսուքի օգտագործումը կարող է եւ մարդուն չպաշտպանել մաշկի քաղցկեղից, պարզել են Կոլումբիայում Instituto de Evaluacion Technoloica-ի կոսմետոլոգները:  Նրանք պարզել են, որ դիմահարդարման այդ միջոցից կանոնավորապես օգտվող մարդկանց մոտ այդ հիվանդությանը բախվելու ռիսկը նույնպիսին է, ինչպիսին այն մարդկանց մոտ, որոնք նման քսուք չեն օգտագործում:  

Բժշկական տեսանկյունից ուղղակի էթիկական չէ տվյալ քսուքների արդյունավետությունը ստուգել պատահաբար ընտրված մարդկանց նկատմամբ կլինիկական հետազոտությունների ընթացքում` նրանց մահացու ռիսկի ենթարկելով: Իմիջիայլոց, իրենք` հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ներկայումս գոյություն ունեցող հրահանգները փոխել պետք չէ, մարդիկ միեւնույն է` պետք է շարունակեն արեւապաշտպան քսուք օգտագործել: Բայց գիտնականները պետք է ավելի զգուշ լինեն դրանց արդյունավետության ստուգման գործում: 

Կոլումբիացի գիտնականների եզրահանգումներին համաձայն են Պիտտսբուրգի համալսարանի մաշկաբանները, որոնք չեն մասնակցել հետազոտությանը: Նրանք ընդգծում են, որ բավականին բարդ է գնահատել մաշկի քաղցկեղի կանխարգելման գործում արեւից պաշտպանության արդյունավետությունը, որովհետեւ տեխնիկապես դա դժվար է իրականացնել:  «Համաձայնեք, որ մարդկանց մի խմբին խորհուրդ տալ ստվերում նստել, լայնեզր գլխարկ կրել եւ արեւապաշտպան քսուք օգտագործել, իսկ մյուսին` նստել արեւի տակ եւ այդ քսուքը չօգտագործել` ստուգելու, թե ում մոտ մաշկի քաղցկեղ կառաջանա, հազիվ թե թույլատրելի է էթիկական տեսանկյունից», - ասում են գիտնականները:

Իրենց հետազոտության ընթացքում կոլումբիացի գիտնականները ստուգել են արեւապաշտպան քսուքի ազդեցությունը հիմնական բջջային եւ սկվամոզաբջջային կարցինոմաների կանխարգելման գործում, որոնց բաժին է ընկնում մաշկի քաղցկեղի դեպքերի մեծամասնությունը: Միաժամանակ հետազոտողները չեն հետեւել չարորակ մելանոմաների թվին` ավելի հազվագյուտ եւ զգալիորեն ավելի մահացու քաղցկեղի: 

Առկա հետազոտությունների մետավերլուծությունն ընդհանուր առմամբ ցույց է տվել, որ դրանցից միայն մեկն է համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Մնացած բոլորի արդյունքները թույլ չեն տալիս ասել, թե արեւապաշտպան քսուքն իրոք պաշտպանում է մաշկի քաղցկեղից: