Մոտավորապես 1500 տարի առաջ երկրագնդի վրա բռնկվել էր ժանտախտի առաջին համաճարակը, որը ժամանակի հետ իսկական պանդեմիայի էր վերաճել եւ ավելի քան   25 մլն մարդ էր սպանել: Հուստինիանոսի ժանտախտ անունը ստացած պանդեմիան  (պանդեմիայի սկսվելու պահին գահակալած բյուզանդացի կայսեր անունով), մոտ երկու դար է տեւել` VI դարի կեսից մինչեւ VIII դարի կեսը:

Այժմ Գերմանիայից գիտնականները սեկվենավորել են Yersinia pestis բակտերիայի շտամմը, որը նման հսկայական վնաս է հասցրել մարդկությանը իսկ հետո անհայտ պատճառներով անհետ կորել է:  Հայտնի է, որ Yersinia pestis-ի տարբեր տարատեսակներն առնվազն երեք պանդեմիա են առաջացրել. Առաջինն արդեն հիշատակված Հուստինիանոսի ժանտախտն էր, հետո ` Սեւ Մահը, որը միջին դարերում խլել էր Եվրոպայի բնակչության կեսի կյանքը, իսկ երրորդ պանդեմիան սկսվել էր Չինաստանում`    XIX դարի վերջին:

Հետազոտության շրջանակում գիտնականները երկու` տղամարդու եւ կնոջ կմախքների ԴՆԹ-ի վերլուծություն են կատարել, որոնք հանվել էին Հարավային Գերմանիայում մեծ գերեզմանից:  Նրանք մարդու ԴՆԹ-ն առանձնացրել են բակտերիայի ԴՆԹ-ից եւ այդ եղանակով վերակառուցել են Հուստինիանոսի բակտերիայի գենոմի հաջորդականությունը, որը սպանել էր այն մարդկանց, ում պատկանել էին կմախքները:  

Գենոմի վերստեղծման արդյունքում հետազոտողները պարզել են, որ բակտերիայի շտամմները, որոնք պանդեմիա էին առաջացրել Հուստինիանոսի ժամանակներում եւ միջնադարում  (այդ շտամմի գենոմը սեկվենավորվել է 2011 թվականին), զգալիորեն տարբերվում էին իրարից: Գիտական աշխատանքի հեղինակներից մեկը` Միխալ Ֆելդմանը   Max Planck Institute-ից եւ University of Tubingen-ից, հայտնել էր, որ այդ հետազոտությունները կօգնեն ավելի լավ հասկանալ հիվանդության պատմությունը եւ կենսաբանությունը: Ի վերջո, շատ բան դեռեւս անհայտ է. օրինակ, ինչպես եւ ինչու է անհետացել բակտերիայի այն տարատեսակը, որն առաջացրել էր Հուստինիանոսի ժանտախտը: Ոչ ոք առայժմ չգիտե: 

Գիտնականները հայտնում են, որ որքան ավելի շատ ժանտախտի շտամմների գենոմներ իրենց հաջողվի սեկվենավորել, այնքան լավ կլինի, որովհետեւ դա հանգեցնում է բուժման նոր մեթոդների, որոնք ավելի արդյունավետ են, քան նախորդները:  Գենոմների մեծ քանակությունը թույլ կտա ժամանակին նկատել պաթոգեն օրգանիզմում նվազագույն  փոփոխությունները, որոնք կարող են ազդել իրենց առաջացրած հիվանդության տարածման արագության վրա: 

Այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի հայտնում է տարեկան ժանտախտով հիվանդացման   1000-2000 դեպքի մասին: Ամենաէնդեմիկ տարածքներն են Մադագասկարը, Կոնգոն եւ Պերուն: ԱՄՆ-ում  2015 թվականին մոտ 15 մարդ վարակվել է պալարային ժանտախտով, նրանցից չորսը մահացել են: Ռուսաստանում եւս վերջերս հիվանդության դեպք է գրանցվել.  12 տարեկան տղան վարակվել է արջամկից: