Տասնչորսամյա Մայքլը, որը աուտիզմով էր տառապում, ապրիլին մահացել է ջղաձգության նոպայի հետեւանքով, որը սրտի կանգի եւ գլխուղեղի հիպօքսիկ վնասվածքի պատճառ է դարձել: Նրա մահից հետո բժիշկները նրա մորը հարցրել են, թե արդյոք պատրաստ է որդու օրգանները տալ փոխպատվաստման համար: Ի պատասխան նա առաջարկել է ուղեղը վերցնել:

Հիվանդանոցի աշխատակիցները սկզբում չեն հասկացել, թե նա ինչ նկատի ունի, բայց տղայի մայրը` Լեսլի Բոլենը բացատրել է, որ Մայքլն էպիլեպսիայից է մահացել, բայց աուտիզմով է ապրել: Այդ պատճառով գիտնականների համար կարող է հետաքրքիր լինել հետազոտել նրա ուղեղը:

Այդպես Մայքլի ծնողները նրա ուղեղը հանձնել են հետազոտական ինստիտուտների  Autism BrainNet ընկերակցությանը, որի մասնագետներն ուսումնասիրում են այն մեռած հիվանդների ուղեղի հյուսվածքները, որոնց մոտ կյանքում աուտիստիկ սպեկտրի խանգարումներ են ախտորոշվել: Մայքլի ընտանիքը հույս ունի, որ նրա ուղեղը գիտնականներին կօգնի ավելի շատ բան իմանալ հիվանդության եւ նրա ծագման պատճառների մասին:

Autism BrainNet-ը գործում է 2014 թվականից: Այն գլխավորում է University of California-ի նեյրոանատոմ Դեւիդ Ամարալը:  Նա պարզաբանել է, որ մինչ գիտնականները կսկսեին ուսումնասիրել Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղը, ոչ ոք չգիտեր, թե ինչու են այդ հիվանդների մոտ հիշողության հետ կապված խնդիրներ առաջանում: Համապատասխանաբար, շարունակել է նա, մինչեւ հետազոտողները չհասկանան, թե աուտիստի ուղեղն ինչով է տարբերվում առողջ մարդու ուղեղից, բարդ կլինի համարժեք լուծում գտնելը: Ալցհայմերի հիվանդության հետազոտությունների պատմությանը մոտ 10 000 հիվանդ է մասնակցել, սակայն միայն մի քանի հարյուր ընտանիք, որոնց թվում նաեւ Բոլենների ընտանիքն է,  աուտիզմով տառապած իրենց հարազատների ուղեղը փոխանցել են Autism BrainNet-ին:

Առայժմ աուտիզմի բուժում գոյություն չունի: Սակայն Դեւիդ Ամարալը հույս ունի, որ մոտ ժամանակներս հնարավորություն կառաջանա բուժել տարբեր ուղեկցող հիվանդությունները եւ գուցե տարբեր թերապիաների «կոկթեյլը» օգնի նաեւ սկզբնապատճառի` աուտիզմի բուժմանը: