Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը եզակի հանդիպող մահացու հիվանդություն է, որը շատ արագ է զարգանում. առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո մեկ տարվա ընթացքում հիվանդների գրեթե 85 տոկոսը մահանում է:

Հիվանդությունը կապված է պրիոնների հետ, որոնք փոխում են նորմալ սպիտակուցների կառուցվածքը: Ներկայումս չկան ինչպես այդ հիվանդության բուժման ինչ-որ եղանակներ, այնպես էլ թեստեր, որոնց միջոցով կարելի է այն ախտորոշել, այդ իսկ պատճառով ախտորոշումը սովորաբար կատարվում է արդեն հիվանդի մահվանից հետո:

Ինչպես հայտնում է JAMA Neurology-ն, University College London-ի հետազոտողները՝ Գրեմ Ջեքսոնի գլխավորությամբ, առաջարկել են  Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդության արագ եւ արդյունավետ հայտնաբերման մեթոդ: Նրանք պարզել են, որ կարելի է պրիոնների առկայությունը հայտնաբերել մեզում եւ մշակել են այդ սպիտակուցների հայտնաբերման միջոց: Նրանք նոր մեթոդը փորձարկել են 162 մարդկանց վրա, որոնցից 91-ն առողջ էին, 37-ը տառապում էին Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությամբ, իսկ 34 մարդիկ հիվանդ էին նյարդաբանական այլ հիվանդություններով:

Հետազոտողները ոչ մի կեղծ դրական արդյունք չեն ստացել, սակայն այդ հիվանդությամբ իսկապես տառապող հիվանդների ախտորոշման ճշգրտությունը կազմել է մոտ 50 տոկոս: Այժմ գիտնականները պլանավորում են կատարելագործել իրենց թեստը եւ այն ավելի ճշգրիտ դարձնել:

Նրանք նշում են, որ հիվանդության դեմ պայքարի եղանակը դեռեւս չի հայտնաբերվել, չնայած դրան՝ ժամանակին կատարված ախտորոշումն անչափ կարեւոր է ինչպես հիվանդների, այնպես էլ նրանց հարազատների համար: