Սառը լոգանքները վերջին շրջանում անչափ տարածված են պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում: Տարածված կարծիքի համաձայն՝ այդպիսի լոգանքներն օգնում են վերականգնվել ինտենսիվ մարզումներից հետո: Մինչդեռ իրականացված նոր հետազոտությամբ պարզվել է, որ սառը լոգանքներն իրականում ցանկալի արդյունք չեն ապահովում:

Ավստրալիայի Քվինսլենդի Տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները պարզել են, որ սառը լոգանքները ինտենսիվ ֆիզիկական մարզումներից հետո մարզիկների մկանների բորբոքման մակարդակի նվազեցմանը չեն նպաստում: Journal of Physiology պարբերականում հրապարակված հետազոտությամբ հաստատվել է, որ պրոֆեսիոնալ աթլեթների շրջանում այդքան տարածված պրակտիկան այնքան արդյունավետ չէ, որքան վերականգնման հնաոճ վարժությունները:

Հայտնի է, որ սառը ջուրը արագ է իջեցնում մկանների ջերմաստիճանը եւ արագացնում է արյան շրջանառությունը: Ընդունված էր կարծել, որ այն արագացնում է մարզումների հետեւանքով մկանների վերականգնումը եւ ծանրաբեռնվածության վնասը նվազեցնում է բորբոքային պրոցեսների կրճատման հաշվին:

Փորձի ընթացքում հետազոտողները 19-ից 24 տարեկան ֆիզիկապես ակտիվ 9 երիտասարդների խնդրել են շաբաթը երեք անգամ մասնակցել ինտենսիվ մարզումների: Դրանից հետո վերականգնվելու համար նրանք կամ ավանդական ցածր ինտենսիվությամբ վարժություններ էին կատարում, կամ 10 րոպե տեւողությամբ +10С ջերմաստիճանի ջրով լոգանք էին ընդունում:

Երկու ժամ հետո մկանների բիոփսիան, այնուհետեւ 24 եւ 48 ժամ հետո, թույլ է տվել գնահատել գեների եւ սպիտակուցների ցուցանիշները, որոնք վկայում են բորբոքային պրոցեսի առկայության մասին: Գիտնականներն այդպես էլ սառը լոգանքների որեւէ նկատելի օգուտ չեն հայտնաբերել: