Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը: Այս մասին հայտնել են Օլիմպիական միջազգային կոմիտեի փորձագետները:

ՄՕԿ-ի փորձագետները վերլուծել են ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ հղիության միջեւ կապի վերաբերյալ նախորդ մի շարք հետազոտությունների արդյունքները: Նրանք պարզել են, որ նույնիսկ ինտենսիվ մարզումները, որոնք երկար ժամանակ ապագա մայրերի համար վտանգավոր էին համարվում, համեմատաբար անվտանգ են, իսկ այդպիսի ծանրաբեռնվածության հետեւանքով վաղաժամ ծնունդների հավանականությունը շատ փոքր է:

Հետազոտության հեղինակները, որոնց թվում են նաեւ Նորվեգիայի Սպորտային բժշկության դպրոցի ներկայացուցիչները, մարզումների դրական արդյունքների շարքում առանձնացրել են վիժումը նվազեցնելու՝ պարբերական ծանրաբեռնավածությունների ունակությունը: Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ հղիության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 15 տոկոսով նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման հավանականությունը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջը հղիներին խորհուրդ է տալիս օրական մինչեւ 30 րոպե տրամադրել վազքին կամ լողին: Սակայն այդ հրահանգներում նաեւ նշված է, որ կանոնավոր մարզանքներին չվարժված կանայք պետք է սկսեն մարզվել աստիճանաբար՝ օրական 15 րոպեից, շաբաթական 3 անգամ: Ըստ որում՝ առողջական որոշակի խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է ամեն ինչ քննարկեն իրենց բժշկի հետ: