Harvard Medical School-ի գիտնականները հետաքրքիր մրցույթ են կազմակերպել բժիշկների եւ հատուկ ալգորիթմների միջեւ, որոնք մշակվել են ինքնուրույն առցանց ախտորոշման համար: Նրանց նպատակն էր՝ հասկանալ, թե ով է ավելի ճիշտ ախտորոշման հարցում:

Գիտափորձին մասնակցել են 234 թերապեւտներ, նաեւ ընտրվել են տարբեր ինստիտուտների կլինիկաների կայքերում հասանելի առցանց ախտորոշման 23 ծրագրեր կամ բջջային հավելվածներ: Հետազոտության հեղինակները կլինիկական 45 դեպքից կազմված ցանկ են պատրաստել, որոնք տարբեր ծանրության իրավիճակներ են նկարագրում: Դրանց մեծ բավական տիպական են եղել, սակայն 19 նկարագրությունում բավական հազվագյուտ դեպքեր են եղել: Բժիշկները հիվանդին զննելու կամ լրացուցիչ հարցեր տալու հնարավորություն չեն ունեցել, այլ ստիպված են եղել բավարարվել իրենց տրամադրած տեղեկատվությամբ:

Փորձի ընթացքում բժիշկներին հաջողվել է ճիշտ ախտորոշում տալ դեպքերի 72%-ի պարագայում, իսկ ալգորիթմներն ու հատուկ հավելվածները դա արել են ընդամենը 34% դեպքերում: Ընդ որում, համակարգիչը լավ է հաղթահարել պարզ եւ տարածված դեպքերը, իսկ բժիշկներն ախտորոշել են նույնիսկ բարդ եւ ոչ տիպական դեպքերը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ կատարյալ կլինի համադրված մոտեցումը, երբ բժիշկն անհրաժեշտության դեպքում օգտագործի նաեւ առցանց ծրագրերն ու հավելվածները: Իսկ հիվանդները չպետք է անխոս վստահեն ախտորոշման ծրագրերին, քանի որ միայն մարդը կարող է ախտորոշելիս հաշվի առնել հիվանդի վիճակի բոլոր առանձնահատկությունները: