Ալցհեյմերի հիվանդության դեմ խոստումնալից սոլանեզումաբ դեղամիջոցի փորձարկումները, որը մշակել է EliLilly դեղագործական ընկերությունը, անհաջողությամբ են ավարտվել: 2015 թվականին ընկերությունը դեղամիջոցի ազդեցության՝ հույս ներշնչող արդյունքներ էր ներկայացրել, որի գործողությունն ուղղված է գլխուղեղում բետա-ամիլոիդների կուտակման դեմ: Հիվանդության վաղ փուլերում սոլանեզումաբի ընդունումը 30%-ով դանդաղեցրել է մտավոր ունակությունների վատթարացումը: Ենթադրվում էր, որ սա Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի համար օգտագործման թույլտվություն ստացած առաջին դեղամիջոցն է լինելու:

Հետագա գիտափորձերը ցույց են տվել, որ դեղամիջոցը բավականաչափ արդյունավետ չէ: Գիտնականներին չի հաջողվել հիվանդության առաջխաղացման զգալի տարբերություններ հայտնաբերել սոլազունեմաբ ընդունած եւ չընդունած հիվանդների մոտ:

Հետազոտողները կարծիք են հայտնել, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այն դեղամիջոցներին, որոնք ազդում են տաու-սպիտակուցի կուտակման վրա, որոնք նույնպես կազմավորվում են Ալցհեյմերով տառապող հիվանդների գլխուղեղում:

Վերջին 27 տարիներին EliLilly-ն Ալցհեյմերի հիվանդության թերապիայի ոլորտում հետազոտությունների համար ավելի քան 3 մլրդ դոլար է ծախսել: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առավել արդյունավետ դեղամիջոցների որոնումները շարունակվելու են: Փորձարկումների ձախողման համար ընկերությունը 150 մլն դոլարի տուգանք կվճարիԼ

Սոլանեզումաբը եւ Biogen ընկերության կողմից մշակվող ադուկանումաբն ազդում են գլխուղեղում բետա-ամիլոիդների կուտակման վրա: Մինչեւ վերջերս երկու դեղամիջոցներն էլ հեռանկարային էին համարվում: Հիմա Biogen-ն իր միջոցի կլինիկական փորձարկման երրորդ փուլն է անցկացնում:

Անհաջողությամբ են ավարտվել նաեւ իդալոպիրիդինի փորձարկումները, որը ստեղծել է դանիական H Lundbeck A/S ընկերությունը՝ ճապոնացի գիտնականների հետ համատեղ: Կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերը բավական հաջող են անցել, բայց երրորդ փորձարկման ժամանակ պարզ է դարձել, որ դեղամիջոցի փորձարկված երկու չափաբաժիններն էլ որեւէ կերպ չեն դանդաղեցրել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մտավոր ունակությունների վատթարացումը: