Չնայած բժշկական տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, ավելի մեծ քանակով շտամներ են հակաբիոտիկների հանդեպ կայունությամբ օժտվում: Ակամայից հարց է առաջանում՝ ի՞նչ կպատահի, եթե մի գեղեցիկ օր հակաբակտերիալ դեղամիջոցները դադարեն ազդել: Հատկապես այս պատճառով ժամանակակից բժշկության մեծաթիվ հետազոտություններ ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ այլընտրանքային զենքի որոնումներին:

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Նոթինգեմի համալսարանի միկրոկենսաբանների խումբն առաջին անգամ պրակտիկայում ցուցադրել է, որ բակտերիաների ոչնչացման համար կարող են գործարկել Bdellovibrio bacteriovorus տեսակի գիշատիչ միկրոօրգանիզմները, որոնք վաղուց ի վեր դիտարկվում են որպես ախտածին միկրոֆլորայի «կենդանի մարդասպաններ»:

Սերժ Մոստովին եւ նրա գործընկերները դանիո-ռերիո ձկան թրթուրների մեջ են ներարկել Shigella կարգի ցուպիկանման բակտերիաներ, որը վտանգավոր շիգիլեզա հիվանդության հարուցիչն է: Աղիքային ուղիներում զարգանալով՝ այս միկրոօրգանիզմները հարուցում են սուր թունավորում, դրանք են պատասխանատու ամեն տարի մարդկանց վարակման 160 մլն դեպքերի եւ ավելի քան 1 մլն մահվան դեպքերի համար: Քանի որ նույնիսկ ամենաթեթեւ դեպքերում մարդիկ ձգտում են որքան հնարավոր է շուտ հակաբիոտիկ ընդունել եւ անհարմություն պատճառող հիվանդությունից ազատվել, միկրոօրգանիզմները  դադարում են դեղամիջոցներին արձագանքել եւ վերածվում են «սուպերբակտերիաների»: Դրանց ոչնչացումն ուղղակի անհնարին է դառնում, քանի որ դեղերի ներգործությանը ենթարկվող բոլոր բակտերիաներն արդեն ոչնչացված են, մնացել են միայն կայունները, որոնք բազմացել են եւ շարունակում են իրենց ապակառուցողական գործունեությունը:

Այս պատճառով հետազոտողները որոշել են վտանգավոր բակտերիաների դեմ գործարկել այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք դրանք որսում են բնական պայմաններում:

Փորձերի ընթացքում գիտնականները ձկներին վարակել են M90T շիգելայի շտամի մահացու չափաքանակով, որը կայուն է ստրեպտոմիցին եւ կարբենիցիլին հակաբիոտիկների նկատմամբ: Դրանից հետո ձկներին ներարկել են Bdellovibrio-ի կարգի գիշատիչ ներկայացուցիչներ, որոնք դեմ չեն «որսալ» աղիքային ցուպիկն ու սալմոնելան: Արդյունքում՝  շիգելայի քանակը զգալիորեն նվազել է, որից հետո ախտածին բակտերիաները օրգանիզմից դուրս են եկել բնական ճանապարհով:

Փորձնական ձկների մի մասը զրկվել էր արյան սպիտակ բջիջներից, որոնք մասնակցում են իմունային արձագանքին: Ուշագրավ է, որ նաեւ այս դեպքում է Bdellovibrio-ն հաղթահարել ախտածին միկրոօրգանիզմները, սակայն դրանց մասնակցությամբ արդյունավետությունը շատ ավելի մեծ էր: Այս փաստը վկայում է, որ գիշատիչ բակտերիաները ակնհայտորեն իրենց ջանքերը միավորում են կենդանու իմունային համակարգի հետ:

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակել են Current Biology պարբերականում:

«Նոր հակաբիոտիկային միջոցների հարաճուն պահանջարկը ավելի շատ ստեղծագործական որոշումներ է պարտադրում: Դանիո-ռերիո ձկները մեզ համար ֆանտաստիկ մոդել էին, որպեսզի հասկանայինք, թե ինչպես է կենդանի հակաբիոտիկը կենդանու օրգանիզմում կարողանում գործել: Մեր արդյունքները մեկնարկային կետ կդառնան բարձրագույն ողնաշարավորների, իսկ վերջնարդյունքում մարդկանց շրջանում Bdellovibrio-ն թեստավորելու համար»,- մամուլի հաղորդագրությունում նշել է Մոստովին: