Մոտ ապագայում հեմոֆիլիայով տառապող մարդիկ կարող են ներարկումներից եւ արյան փոխներարկումից հրաժարվել. հեմոֆիլիայի ժամանակ առաջացող արյունահոսությունն ու այլ խնդիրները հաղթահարելուն նրանց կօգնի հատուկ պարկուճը, որը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուց: Պարկուճի ստեղծմամբ զբաղված են University of Texas-ի գիտնականները:

Ներկայումս աշխարհում մոտ 400 հազար մարդ հեմոֆիլիայով է տառապում. այս մարդկանց արյան մեջ բացակայում է սպիտակուցներից մեկը, որն անհրաժեշտ է նորմալ մակարդման համար (օրինակ՝ B տեսակի հեմոֆիլիայով մարդկանց մոտ բացակայում կամ վնասված է մակարդման IX գործոնը): Երկրներից շատերում հեմոֆիլիայով տառապող երեխաները ստիպված են օրական երկու ներարկում ստանալ, որը նրանց համար անչափ տհաճ է: Իսկ այն երկրներում, որտեղ հեմոֆիլիայով հիվանդների արյունահոսությունը կանխող կանխարգելիչ բուժում չկա, նրանք իրենց անհրաժեշտ գործոնների ներարկում են ստանում միայն արյունահոսության ժամանակ, ինչը միանգամայն բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա:

Նոր դեղամիջոցի հեղինակները համոզված են, որ դրա օգտագործմամբ բուժումը կդառնա ավելի էժան եւ հասանելի՝ հիվանդը կկարողանա դեղն ինքնուրույն ընդունել եւ հարազատների կամ բուժանձնակազմի կարիքը չի ունենա. մարդկային IX գործոնով պարկուճի ընդունումը շատ ավելի պարզ է ու հարմար, քան ներարկում կատարելը: Պարկուճը ստեղծելու ուղղությամբ աշխատող Սարենա Խորավայի եւ նրա գործընկերների համոզմամբ՝ դեղամիջոցն ակտիվորեն կկիրառվի առաջին հերթին զարգացող երկրներում, որը կօգնի էականորեն երկարացնել հեմոֆիլիայով հիվանդների կյանքի տեւողությունը:

Գիտնականներին արդեն հաջողվել է ստեղծել դեղամիջոցը հասցնելու համակարգը, որը թույլ կտա սպիտակուցը պաշտպանել ստամոքսում թթվային միջավայրի կործանարար ազդեցությունից՝ պարկուճի տարրալուծումը եւ սպիտակուցի ազատվելը կատարվում է միայն բարակ աղիում:

Հեղինակների կարծիքով՝ երկու պարկուճը կարող են փոխարինել մեկ ներարկմանը, իսկ հետագայում նրանք պլանավորում են անհրաժեշտ հաբերի քանակը կրճատել՝ հասցնելով մինչեւ մեկ հաբի: