University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա հետագայում սկսել աճեցնել մարդկանց վնասված օրգանները եւ կորցրած վերջույթները:
Աղիներով շնչողները ծովի հատակին բնակվող կենդանիներն են, որոնք տարբերվում են ռեգեներատիվ մեծ ընդունակությամբ. նրանք կարող են վերականգնել իրենց մարմնի գործնականում բոլոր մասերը՝ գլուխը, նյարդային համակարգը կամ ներքին օրգանները:
Շոն Լութրելը եւ նրա գործընկերները պարզաբանել են, որ մարդիկ աղիներով շնչողների հետ մեծ թվով ընդհանուր գեներ ունեն, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ մարդու օրգանիզմում հնարավոր է գործարկել ռեգեներացիայի պրոցեսը: Սակայն նախ անհրաժեշտ է պարզել, գենետիկական տեսանկյունից ինչպես է վերահսկվում մարմնի նոր օրգանների եւ մասերի աճեցման գործընթացը:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են, թե ինչ է տեղի ունենում հավասար կտրված առանձնյակների հետ: 3-4 օր հետո նրանց մոտ սկսել էր առաջանալ բերանը եւ կնճիթը, 5-10 օր հետո հայտնվել են երիկամները եւ սիրտը: 15-րդ օրը կենդանիների մոտ ձեւավորվել են նոր նեյրալ խողովակներ, որոնք մարդկանց ողնուղեղի եւ գլխուղեղի նմանակներն են:
Հեղինակները հետազոտել են այս կամ այն օրգանի առաջացման ժամանակ գեների արտահայտման պրոֆիլի փոփոխությունները. ռեգեներացիայի պրոցեսի գործարկման համար պատասխանատու էր գեների որոշակի միավորում, սակայն մարմնի կոնկրետ մասերի վերականգնման ժամանակ տարբեր գեներ էին ակտիվանում: Հետազոտողները կարծում են, որ ազդելով գեների այս կամ այն խմբերի վրա՝ կարելի է ռեգեներացիա հրահրել նաեւ այլ էակների մոտ, այդ թվում՝ եւ մարդկանց: Գիտնականները նախատեսում են առաջիկայում փորձեր անցկացնել դանիո-ռերիո ձկների վրա, որոնք հյուսվածքների լիակատար ռեգեներացիայի ընդունակ չեն:






