Նույնիսկ աննշան քնի պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ ղեկին նստած մարդու կենտրոնացման վրա եւ մեծացնել վթարի ենթարկվելու հավանականությունը: Նման պնդմամբ են հանդես եկել ԱՄՆ-ում ճանապարհների անվտանգության խնդիրներով զբաղվող AAA Foundation for Traffic Safety կազմակերպության հետազոտողները:
Նրանք վերլուծել են Մայրուղիներում ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ասոցիացիայի (National Highway Traffic Safety Administration, NHTSA)՝ 2005 թվականի հուլիսից 2007-ի դեկտեմբերի ընթացքում հավաքված տվյալները: 2.5 տարվա ընթացքում շուրջ 4.600 ոստիկանական զեկուցագիր է եղել վթարների մասին, որոնց դեպքում շտապօգնություն են կանչել կամ գոնե մեկ վնասված մեքենա քարշակով տեղափոխել են:
Քննիչները յուրաքանչյուր դեպքում պարզել են, թե վթարից առաջ մեկ օրվա ընթացքում ինչ է արել վարորդը, այդ թվում՝ որքան է քնել (հիշեցնենք, որ առաջարկվում է օրական 7-9 ժամ քնել): Այնուհետեւ քննիչները հաշվարկել են, թե որքան մեծ է վթարի հավանականությունը՝ կախված այն հանգամանքից, թե որքան է դրան նախորդող գիշերը քնել վարորդը:
Պարզվել է, որ ի տարբերություն նորմալ քնող մարդկանց, պատահարի նախօրեին 4 ժամ կամ ավելի պակաս քնած վարորդների պարագայում վթարի ենթարկվելու հավանականությունը 11.5 անգամ ավելին է եղել: Եթե մարդը սովորականից 1-2 ժամ պակաս է քնել, հաջորդ օրը վթարի ենթարկվելու հավանականությունը 2 անգամ ավելի է եղել: Մասնագետները հաշվարկել են, որ անքնությունն օրգանիզմի վրա ազդում է նույն կերպ, որքան ալկոհոլը, նույնիսկ ավելի վատ: Քիչ քնած վիճակում մեքենա վարելը նույնն է, եթե արյան մեջ ալկոհոլի մակարդակը 0.12-0.15 լինի:






