Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպես Պարկինսոնի, Հանթինգթոնի, Ալցհեյմերի եւ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի, կապված են ուղեղում սպիտակուցների աշխատանքի խանգարման հետ: Սպիտակուցները սխալ են հավաքվում եւ կուտակվում են նեյրոններում՝ հանգեցնելով դրանց մահվան: Գլեդսթոունի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ Nrf2 սպիտակուցը կարող է կանխել նյարդային բջիջների մահը՝ դառնալով այդ հիվանդությունների բուժման բանալին:
Nrf2-ի արդյունավետությունը պարզելու համար հետազոտողները ստեղծել են Պարկինսոնի հիվանդության 2 մոդել (LRRK2 սպիտակուցի եւ α-սինուկլեինի փոփոխություններով բջիջներ): Նրանք օգտագործել են առնետի նեյրոները եւ մարդու նյարդային բջիջները, որոնք ստացվել են դիֆերենցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Դրանք նեյրոնները վերածրագրավորել են Nrf2 էքսպրեսիայի եւ փոփոխված LRRK2-ի կամ α-սինուկլեինի: Գիտնականները երկար ժամանակ հետեւել են նյարդային այս բջիջներին, վերահսկել սպիտակուցների մակարդակը եւ բջիջների ընդհանուր վիճակը:
Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ Nrf2-ը կանխել է բջիջների մահը: Ըստ որում՝ յուրաքանչյուր սպիտակուցի հետ տարբեր կերպ է աշխատել: LRRK2-ի փոփոխության դեպքում Nrf2-ը նպաստել է խմբի մեջ սպիտակուցների հավաքմանը, որոնք կարող էին բջիջում մնալ՝ այն չվնասելով: Իսկ α-սինուկլեինի խնդիրների դեպքում Nrf2-ը արագացրել է տրոհումը եւ սպիտակուցից բջիջի մաքրումը: Դրա հետեւանքով α-սինուկլեինի մակարդակը նվազում էր: Գիտնականները նշել են, որ Nrf2-ը դժվար կլինի դեղամիջոցների թիրախ դարձնել, քանի որ այն բջջային շատ պրոցեսների է մասնակցում: Սակայն մասնագետները հույս ունեն հայտնաբերել իրենց նպատակների համար Nrf2-ի օգտագործման եղանակները:






