Քնի նպատակն է օգնել մարդուն մոռանալ բոլոր ավելորդ բաները, որպեսզի ավելի լավ հիշի անհրաժեշտ տեղեկությունները։ Երկու նոր աշխատություններ, որոնք հրապարակվել են Science ամսագրում, հաստատում են այս տեսությունը, որը հայտնի է որպես «սինապտիկ հոմեոստազի հիպոթեզ»:

Զեկույցներից մեկում Վիսկոնսինի համալսարանի մասնագետներ Ջուլիո Տոնոնին ու Կյարա Սիրելին նկարագրում են մկների ուղեղում սինապսների չափերի ու ձեւերի ուսումնասիրության փորձը։ (Սինապսները նյարդային ազդակի փոխանցման տեղերն են)։ Պարզվել է, որ քնած կենդանիների մոտ նման կոնտակտների գոտիները 18 տոկոսով քիչ են, քան արթուն կենդանիների մոտ։ Այդքան զգալի տարբերությունը զարմացրել էր նույնիսկ մասնագետներին։

Երկրորդ դեպքում Ջոնս Հոպկինսի համալսարանի աշխատակից Գրեմ Դիրինգը ուսումնասիրել է մկների ուղեղում պրոտեինները ՝այդ նույն հիպոթեզը ստուգելու նպատակով։ Արդյունքում հայտնաբերվել է Homer1A  կոչվող պրոտեինը, որը կարեւոր դեր է կատարում քնի ժամանակ սինապսների «հատման» հարցում։ Գենետիկորեն փոփոխված մկների վրա փորձերի օգնությամբ գիտնականներին հաջողվել է հաստատել, որ Homer–ի ներկայությունը կամ բացակայությունը զգալիորեն ազդում է կենդանիների հիշողության՝ համապատասխանաբար նաեւ նրանց վարքագծի վրա։Առանց այդ պրոտեինի քունը մկների ուղեղից չէր ջնջում վախեցնող հիշողությունները ,որոնք շարունակում էին կաշկանդել նրանց։ Հսկիչ խմբի մոտ վախը քնի ժամանակ անցնում էր։

Սակայն մյուս մասնագետների խոսքով «նոր արդյունքները սինապտիկ հոմեոստազի հիպոթեզի անվերապահ ապացույցներ չեն»։ Օհայոյի քնի բժշկական ինստիտուտի աշխատակից Մարկոս Ֆրանկի խոսքով «աշխատությունը փայլուն է, բայց հարցն այն է, արդյոք դա քնի գործառույթներից մեկն է, թե դրա հիմնական գործառույթը»։