Գերմանիայի Լայպցիգի համալսարանի Օրգանական քիմիայի ինստիտուտի եւ Ոչ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները B1 վիտամինի (տիամինի) նմանակ են սինթեզել, որում ածխածնի մի մասը փոխարինվել է բորով: Այս մասին հայտնում է Chemistry – A European Journal գիտական ամսագիրը
B1 վիտամինը ջրում լուծվող վիտամին է, որը կարեւոր դերակատարում ունի ածխաջրերի, ճարպերի եւ սպիտակուցների մետաբոլիզմի պրոցեսներում: Այն անհրաժեշտ է նորմալ աճի եւ զարգացման համար ու օգնում է սրտի, նյարդային եւ մարսողական համակարգերի նորմալ աշխատանքը պահպանելուն: В1 վիտամինի պակաս կարող է առաջանալ վատ սնվելու եւ ալկոհոլի չարաշահման դեպքում:
Մետաբոլիզմի պրոցեսների եւ В1 վիտամինի փոխազդեցություններն ավելի լավ հետազոտելու համար գերմանացի գիտնականները որոշել են ստեղծել տիամինի սինթետիկ նմանակ, որը պարունակում է բոր՝ իր հատկություններով ածխածնին մոտ տարր: В1 վիտամինի ածխածնային բյուրեղային վանդակի մի մասը փոխարինվում է ածխածնից եւ բորից կազմված կարբոնատներով:
Ստացած նյութի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բորն իր հատկություններով ոչ միայն նմանակում է ածխածնին, այլեւ իր քիմիական ակտիվությամբ գերազանցում է: Գիտնականների կարծիքով՝ վիտամինի ստացված նմանակը հնարավոր է օգտագործել բժշկական նպատակներով, եւ բացառված չէ, որ այն սովորական տիամինից ավելի ակտիվ լինի:
Նշենք, որ В1 վիտամինը պարունակվում է բուսական մթերքներում, մասնավորապես՝ սոյայի, լոբու, ոլոռի եւ սպանախի մեջ, նաեւ խոշոր աղացած ցորենի ալյուրից հացում: Այս վիտամինը մի փոքր ավելի քիչ պարունակվում է նաեւ կարտոֆիլի, գազարի, կաղամբի մեջ: Կենդանական մթերքներից տիամին են պարունակում լյարդը, երիկամները, ուղեղը, խոզի եւ տավարի միսը:






