Penicillium բորբոսի 2 տեսակ, որոնք բնակվում են Բերքլի Փիթ լճում, որը լցվել է ԱՄՆ Մոնտանա նահագում գտնվող լքված պղնձահանքի մեջ, ընդունակ են նյութ արտադրելու, որը ոչնչացնում է մետիցիլին ռեզիստենտային ոսկեգույն ստաֆիլոկոկը (ՄՌՈՍ):

Ինչպես հայտնի է, ոսկեգույն ստաֆիլոկոկը այնպիսի հիվանդություններ է առաջացնում, ինչպիսին են սեպսիսը եւ թոքաբորբը: Այն հիվանդանոցային ինֆեկցիաների ամենակայուն տեսակներից է եւ ռեզիստենտ է լայնորեն օգտագործվող հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ:

Հետազոտողները նշում են, որ հակաբիոտիկ սպիտակուց արտադրող բորբոսը գոյատեւում է էկոլոգիական եզակի իրավիճակի պայմաններում: Բերքլի Փիթ լիճը անսովոր բարձր թթվայնություն ունի, քանի որ այտեղ են թափվում օքսիդացված ապարներով անցնող առվակները: Դրանից բացի, լեռնապարներից լվացվում են մետաղական ծանր աղերը՝ մկնդեղ եւ կադմիում: Այս նյութերը ջուրը չափազանց թունավոր են դարձնում օրգանիզմների մեծ մասի համար: Օրինակ՝ անցյալ տարի լճում զոհվել են մի քանի հազար սպիտակ սագեր, որոնք լճի վրա են նստել՝ փորձելով պաշտպանվել ձնամրրիկից: Այստեղ կարող են ապրել միայն, այսպես կոչված, էքստրեմոֆիլները՝ օրգանիզմներ, որոնց համար գոյության շատ խիստ պայմանները նորմա են: Դրանց են պատկանում նաեւ բորբոսի երկու տեսակները:

Գտնվելով սիմբիոզ համակեցության մեջ, այս սնկերը սպիտակուց են արտադրում, որը, պարզվել է, հզոր հակաբիոտիկ է: Բակտերիաների վրա նրա ազդեցությունը թեստավորելիս գիտնականները հայտնաբերել են, որ այն հաջողությամբ ոչնչացրել է ՄՌՈՍ-ի 4 տարբեր շտամներ: Նոր սպիտակուցի հետազոտությունները նախնական փուլում են եւ լրացուցիչ փորձերի կարիք ունեն, սակայն բժիշկները հուսով են, որ այս հետազոտությունը կօգնի բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկի՝ հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների գլոբալ ռեզիստենտության լուծման ուղիները գտնել: