Գիտնականներն աշխատում են համակողմանի թեստի ստեղծման վրա, որի օգնությամբ հնարավոր կլինի չարորակ նորագոյացությունները հայտնաբերել առաջին ախտանիշների հայտնվելուց 10 տարի առաջ: Արյան այս անալիզն արդեն «հեղուկ բիոպսիա» են անվանում:
Թեստը հիմնված է արյան անալիզի վրա, որի ընթացքում հետազոտվում է ուռուցքային պրոցեսում գտնվող բջիջների ԴՆԹ-ն: Մարդու արյունաստեղծ համակարգում փոփոխությունները սկսվում են քաղցկեղի առաջին ախտանշանների հայտնվելուց շատ տարիներ առաջ: Գենետիկ ծածկագիրն է գիտնականներին ապահովում ուռուցքների ԴՆԹ-ով, որ հայտնի է որպես ctDNA, որի օգնությամբ կարելի է որոշել մարդու օրգանիզմում արդյոք չարորակ նորագոյացություններ աճում են եւ որ փուլում է քաղցկեղը:
Ուռուցքաբանական թեստը կլինիկական պրակտիկա կարող է մտնել 2 տարի հետո: Այն ստեղծողների հիմնական նպատակն է այս անալիզի նույնպիսի լայն ներդրումը, ինչպիսին ընդհանուր պրակտիկայի բժշկի մոտ առաջնային ընդունելության ժամանակ զարկերակային ճնշման եւ խոլեստերինի մակարդակի չափումն է: Գիտնականների ենթադրությամբ՝ այս անալիզը քաղցկեղի հետեւանքով մահացությունը կիսով չափ նվազեցնելու հնարավորություն ունի՝ փրկելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Կլինիկական հետազոտությունների առաջին արդյունքները, որոնք գնահատել են թեստի արդյունավետությունը, հրապարակվել են ուռուցքաբանների աշխարհում ամենախոշոր համաժողովում, որը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Թեստը հատկապես օգտակար կլինի առավել մահաբեր ուռուցքներով, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, թոքերի եւ ձվարանների քաղցկեղով տառապող հիվանդների համար, որոնք սովորաբար չափազանց ուշ են ախտորոշվում:
Նյու Յորքի Memorial Sloan Kettering Cancer Centre-ի հետազոտողները թեստի են ենթարկել 161 հիվանդի, որոնց մոտ արդեն ուռուցքներ ախտորոշվել էին, որպեսզի պարզեն արյան մեջ չարորակ նորագոյացությունների ԴՆԹ-ն ճշգրիտ տարբերակելու արյան անալիզի ունակությունը: Թեստը 90 տոկոս դեպքերում խնդիրը կատարել է:






