Էլեկտրոնային խաղերը մարդկանց ագրեսիվ են դարձնում, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պատճառը կապված չէ նրանցում բռնության առկայության հետ:
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի եւ ԱՄՆ Ռոչեսթեր համալսարանների գիտնականները լաբորատոր թեստեր են կատարել, որոնց ժամանակ կամավորները բռնությամբ եւ առանց բռնության խաղեր են խաղացել: Նրանք հայտնաբերել են, որ որոշիչ գործոն է հանդիսանում այն, թե կամավորները որքան հեշտ են կարողացել յուրացնել էլեկտրոնային խաղը:
Չափազանց բարդ խաղերը եւ յուրացման համար դժվար կառավարումը խաղացողների մոտ ագրեսիվություն են առաջացրել՝ անկախ այն բանից, թե ինչ բովանդակության են եղել խաղերը՝ բռնությամբ, թե առանց դրա, ասվում է Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:
Սա առաջին ակադեմիական հետազոտությունն է, որն ուսումնասիրել է, թե ինչպես են խաղերի կառուցվածքը եւ բովանդակությունը բերում խաղացողների մոտ ագրեսիվության առաջացման: Հետազոտության արդյունքները հիմնականում հիմնված են եղել համալսարանի ուսանողների մասնակցությամբ 6 լաբորատոր փորձարկումների շարքի վրա: Կամավորները էլեկտրոնային խաղեր են խաղացել, իսկ հետազոտողները խաղի ժամանակ բարդություններ են ստեղծել: Չափազանց դժվար խաղերը, անտրամաբանական ձեռքի կառավարման միջոցները եւ խաղային փորձի բացակայությունը ագրեսիայի նշանակալից նախադրյալներ են հանդիսացել խաղացողների համար՝ անկախ խաղում առկա բռնությունից կամ դրա բացակայությունից:






