Մկանային զանգված հավաքել ցանկացող մարդիկ չպետք է իբուպրոֆեն ընդունեն, պնդում են Քարոլինայի ինստիտուտի հետազոտողները: Պարզվում է՝ իբուպրոֆեն պարունակող ցավազրկողները մարզումների ժամանակ դանդաղեցնում են մկանների աճի գործընթացը:
Հետազոտությանը 18-35 տարեկան կամավորներ են մասնակցել, որոնց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի անդամներն 8 շաբաթ շարունակ իբուպրոֆենի մեծ չափաբաժին են ստացել, իսկ երկրորդ խմբի անդամները՝ ասպիրինի փոքր չափաբաժին: Այդ ամբողջ ընթացքում կամավորները մարզվել են եւ ուժային վարժություններ արել, այդ թվում՝ ազդրերի համար նախատեսված հատուկ վարժություններ: Գիտնականները մի շարք չափանիշներ են գնահատել, այդ թվում՝ մկանային զանգվածի աճ, մկանների ուժ եւ արյան մեջ համաբորբոքային մարկերների քանակություն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 8 շաբաթ անց ասպիրին ընդունած փորձի մասնակիցների մկանային զանգվածը երկու անգամ ավելին է, քան նրանցը, ովքեր իբուպրոֆեն են ստացել: Բացի այդ՝ հակաբորբոքային դեղամիջոցների պատճառով կամավորների մկանների ուժն ավելի քիչ է եղել: Գիտնականները պարզել են, որ իբուպրոֆենն ազդում է մարզումների ժամանակ ստացած միկրովնասվածքներից հետո մկանների վերականգնման պրոցեսի վրա. այդպիսով դեղամիջոցը մկաններին թույլ չի տալիս աճել եւ ուժ հավաքել:
Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ իբուպրոֆենը նվազեցրել է բորբոքային մարկերների մակարդակը:






