Գիշերային հերթափոխով աշխատանքն, իրոք, ճարպակալման է հանգեցնում, վկայում է գիշերներն աշխատող մարդկանց առողջության մասշտաբային հետազոտությունների անալիզը։

«Ընդհանուր առմամբ մոտ 700 մլն մարդ մեր մոլորակի վրա այսօր աշխատում է կամ գիշերը կամ հերթափոխով։ Մենք ցույց ենք տվել, որ ճարպակալման բարձր մակարդակը նման մարդկանց շրջանում առաջին հերթին պայմանավորված է նրանց աշխատանքի բնույթով։ Իսկ ճարպակալումն իր հերթին բարձրացնում է կրծքի քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների ռիսկը»,– Obesity Reviews ամսագրում գրում է Հոնկոնգի համալսարանի մասնագետ Լապ Ահ Ցեն։

Գիշերային աշխատանքի հետ կապված կենսաբանական ռիթմերի խանգարումները կարող են բերել նյութափոխանակության խնդիրների եւ անառողջ սննդակարգին վարժվելուն, ինչը պետք է որ զգալիորեն մեծացնի ճարպակալման զարգացման վտանգը։ Վերջին տարիներին բժիշկները եւ կենսաբանները տասնյակ հետազոտություններ են անցկացրել, որոնցից շատերը հակասական արդյունքներ են գրանցել։

Ցեն եւ նրա գործընկերները պարզել են, որ իրականում գիշերային աշխատանքն ու ճարպակալումը փոխկապակցված են։ Նրանք վերլուծել են այս թեմային նվիրված մոտ 30 գիշերային աշխատանքի մասին եզրակացությունները։

Ընդհանուր առմամբ այդ հետազոտություններին մասնակցել էին մի քանի հարյուր հազար մարդ, ինչը թույլ է տվել չին բժիշկներին միանշանակ եւ վիճակագրական առումով հավաստի եզրակացություններ անել։

Պարզվում է, որ երեկոյան կամ գիշերային ժամերին մշտական կամ հերթափոխով աշխատանքն իրոք կապ ունի ճարպակալման հետ։ Միջինում նման մարդկանց մոտ 23-35 տոկոսով ավելի մեծ է գիրանալու հավանականությունը, քան նրանց հասակակիցների, որոնք ցերեկն են աշխատում կամ առհասարակ չեն աշխատում։ Այս միտումը հատկապես նկատելի է գործարանների աշխատակիցների մոտ, դրա պատճառները, սակայն, գիտնականները դեռ չգիտեն։

Այն, թե որքան երկար է մարդ գիշերն աշխատում, եւ այն, թե որքան հաճախ է նա դա արել նախկինում, ուղղակիորեն ազդում է ճարպակալման ռիսկերի վրա։ Դա նշանակում է, որ հենց գիշերային ժամերին աշխատելն է նպաստում ճարպակալմանը, այլ ոչ թե ուղեկցող գործոնները, ինչպիսիք են վնասակար սովորությունները, անառողջ սնունդը կամ աղքատությունը։