Մարդիկ, որոնք վատ գնահատականներ են ստացել դպրոցում մեծահասակ տարիքում ավելի հաճախ են ինքնասպան լինում, պարզել են Կարոլինյան ինստիտուտի գիտնականները ։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Acta Psychiatrica Scandinavica ամսագրում, գիտնականները վերլուծել են 16-46 տարեկան ավելի քան 26 000 կանանց ու տղամարդկանց տվյալները, փնտրելով կապ նրանց դպրոցական գնահատականների ու ինքնասպանության փորձերի մասին տվյալների միջեւ։ Պարզվել է, որ որքան վատ է եղել դպրոցական առաջադիմությունը, այդքան բարձրացել է մեծահասակ կյանքում ինքնասպանություն գործելու հավանականությունը։ Իրենց լավ սովորող հասակակիցների համեմատ՝ ամենացածր առաջադիմությամբ երեխաների մեծահասակ կյանքում հնքնասպանությունների հավանականությունը հնգակի բարձր է եղել։

Այս կապը նույնատեսակ ուժեղ է արտահայտված թե կանանց, թե տղամարդկանց շրջանում։ Ընդ որում, այնպիսի գործոններ, ինչպիսիք են դպրոցականի սոցիալական դրությունը, նրա ծնողների հոգեկան հիվանդությունները կամ ներգաղթյալի կարգավիճակը, զգալի ազդեցություն չեն թողել այդ կապի վրա։

Դեռ հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված դպրոցական ցածր գնահատականների, հոգեկան հիվանդությունների ու ինքնասպանության փորձի միջեւ կապը։

Ըստ հիպոթեզներից մեկի՝ այդ կապի հիմնական պատճառը կարող է լինել ավելի ցածր մտավոր ներուժը, դրա համար էլ հետազոտողները վիճակագրական գործոններին հավելել են 12 տարեկանում անցկացված IQ թեստերի տվյալները։ Այդուհանդերձ, նրանք այդ հիպոթեզի ապացույցները չեն գտել։ Հակառակը, նրանք հանգել են այն եզրակացության, որ կանանց դեպքում IQ-ի ավելի բարձր ցուցանիշը կապակցված է ինքնասպանությունների փորձերի ավելի մեծ հավանականության հետ։