Դոլլի ոչխարի ոսկորների ռենտգենյան լուսանկարները ցույց են տվել, որ նա օստեոարթրիտով ու ծերունական հիվանդությունների այլ տեսակներով չէր տառապում ու անբնական արագ չէր ծերանում, ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում։
«Մեր փորձերի արդյունքները, որոնք մենք հրապարակել ենք անցած տարի, հակասում էին այն ընդունված պատկերացմանը, որ Դոլլին հիվանդացել էր օստեոարթրիտով, քանի որ կլոնները նորմալ կենդանիներից ավելի արագ են ծերանում։ Մենք ուշադրություն ենք դարձրել այն բանին, որ ոչ ոք իրականում բազմակողմանիորեն չի ուսումնասիրել կենդանու հիվանդության զարգացման պատմությունը ու փորձել ենք շտկել այդ բացթողումը»,- ասել է Քեւին Սինքլերը Նոթինգհեմի համալսարանից։
Աշխարհի ամենահայտնի ոչխարը՝ Դոլլին, ծնվել է Ռոսլինգի ինստիտուտի լաբորատորիաներում 1996-ի հուլիսին՝ մեծահասակ բջիջներից կենդանու կլոն աճեցնելու՝ աշխարհում առաջին փորձի արդյունքում։ Դոլլին բավականին կարճ է ապրել՝ ընդամենը 6․5 տարի ու 2003-ին սատկել է օստեոարթիտից, ինչը կլոնավորման շատ հակառակորդների առիթ է տվել խոսել այն մասին, որ այդ պրոցեսը հանգեցնում է օրգանիզմի աշխատանքի անդառնալի խանգարումների ու կլոնի արագ ծերացման։
Ի սկզբանե գիտնականները մտադիր էին ուսումնասիրել օստեոարթրիտի հավանական զարգացումը կլոնավորված կենդանիների մոտ եւ այդ նպատակով Նոթինգհեմում ստեղծել էին իրենց սեփական Դոլլիներին՝ չորս ոչխարների էին կլոնավորել նրա կաթնագեղձերի բջիջներից։ Սակայն կենդանիներից ոչ մեկի մոտ մեկ տարվա ընթացքում չէին զարգացել արթրիտի կամ վաղ ծերացման նշաններ։
Դրանից հետո իրենց հիպոթեզի հաստատման համար հետազոտողները ստացել էին Դոլլիի, նրա դստեր՝ Բոնիի, նաեւ երկու այլ կլոնավորված գառների՝ Մեգանի ու Մորագի ոսկորների ռենտգենոգրամմաները, հենաշարժային ապարատի հիվանդություններով զբաղվող մասնագետներին խնդրելով գնահատել դրանք։ Պարզվել է, որ արթրիտի ակնհայտ նշաններ ոչ մի գառնուկի մոտ չկար։
Այս պահին գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչպես է առաջացել այն համոզմունքը, որ Դոլին տառապում էր օստեոարթրիտով։ Սինքլերը նշում է, որ գիտական գրականության մեջ միայն մեկ հիշատակում կա այն մասին, որ Դոլին տառապել է օստեորթրիտի ծանր տեսակներից, ընդ որում այդ հիշատակումը նույնիսկ ոչ թե հոդվածում է, այլ գիտաժողովի ընթացքում հնչած թեզիսներում։
Որեւէ կոնրկետ տվյալներ, որոնց հիման վրա արվել է նման եզրակացություն, չի հրապարակվել, ինչը նկատելիորեն բարդացնում է այդ սխալ տեսության արմատների, դրա հնարավոր «հեղինակների» որոնումը, նաեւ նրանց գործողությունների դրդապատճառների ըմբռնումը, եզրակացնում են գիտնականները։






