Հյուսիսային Քարոլինայից 71-ամյա կինը հիվանդանոցում է հայտնվել 8 օր շարունակվող կոկորդի ցավով։  Պարզվել է, որ ձկան 3–սանտիմետրանոց փուշը ծակել է նրա կոկորդը՝ անցնելով քներակի անմիջապես կողքով: Եթե փուշը ծակեր քներակը, դա պացիենտի մահվան կհանգեցներ:

Երբ կինը դիմել է հիվանդանոց, բժիշկները մի շարք հետազոտություններ են արել, սակայն ցավերի ակնհայտ ոչ մի պատճառ չեն հայտնաբերել: Կինը կարողացել է շարժել պարանոցն առանց որեւէ խնդրի, նրա մոտ բորբոքային գործընթացների  ակնհայտ ախտանշաններ չեն նկատվել, ռենտգեն հետազոտությունը նույնպես անսովոր ոչ մի բան ցույց  չի տվել: Սակայն համակարգչային տոմոգրաֆիան, վերջապես, ցույց է տվել երկար, ասեղանման իր, որն անցել է կոկորդով եւ վահանաձեւ գեղձի աջ հատվածում փոքր-ինչ ճկվել: Այդպես կնոջ կոկորդում հայտնաբերել են ձկան երեքսանտիմետրանոց փուշ: Պարզվել է, որ կինը ձուկ կերել է 8 օր առաջ:

Տուժածին տարել են վիրահատարան, եւ վիրաբույժները կարողացել են հանել փուշը: Այդ վիրահատությունից հետո բոլոր տհաճ ախտանշանները վերացել են: Ընդ որում, բժիշկները նշում են, որ փուշը միայն մի քանի միլիմետրով էր հեռու քներակից, որը արյուն է մատակարարում գլխուղեղ: Եթե ձկան փուշը ծակեր քներակը, կինը մի քանի րոպե անց կմահանար արյունահոսությունից:

Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ փուշը կուլ տալուց հետո մեկ շաբաթ կինն իրեն նորմալ է զգացել, իսկ այդ ընթացքում ձկան ոսկրը հասել է կերակրափողի պատին՝ ամրանալով պարանոցի փափուկ հյուսվածքներում: Թեեւ համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տվել ճշգրտորեն որոշել օտար մարմնի տեղակայման վայրը, այնուամենայնիվ, բժիշկներին սկզբում դժվար է եղել այն գտնել:

Ավելի հաճախ ձկան ոսկրերը մնում են քիմքային նշիկներում, ապա լեզվի հիմքում, վալեկուլներում եւ տանձանման գրպանիկում՝ կոկորդի խռչակային հատվածի զուգադիր փոսում։