Միջին եւ հասուն տարիքում քնի ռեժիմը ուղղակիորեն կապված է հիշողության որակի հետ։ Եթե մարդը քնում է կամ չափից շատ, կամ չափից քիչ, այն հետագայում նույն բացասական ազդեցությունն է ունենում մարդու հիշողության վրա, պնդում է Բրիգամյան կանանց հիվանդանոցի անձնակազմը։ Օրինակ, կանայք, ովքեր օրվա ընթացքում քնում են հինգ ժամ եւ պակաս, կամ 9 ժամ եւ ավելի ունեն հիշողության վատթարացում, ինչը համարժեք է ուղեղի՝ երկու տարով ծերացմանը, գրում է Business Standard-ը։
Քնի իդեալական ռեժիմը օրական յոթ ժամ քնելն է։ Եթե քնի տեւողությունը ժամանակի ընթացքում փոփոխվում է ավելին, քան երկու ժամով, ապա դա նաեւ կանդրադառնա հիշողության վրա։ Ավելի վաղ Ամերիկյան քնի բժշկության ակադեմիան գտել էր, որ լրացուցիչ քունը հանգեցնում է շաքարախտի զարգացմանը, սրտային հիվանդությունների, անհանգստության եւ գիրության։ Ըստ գիտնականների, քնի օպտիմալ տեւողությունը նվազեցնում է վերոհիշյալ հիվանդությունների առաջացման վտանգը եւ նույնիսկ կարող է բարելավել 45 տարեկանից բարձր մարդկանց առողջությունը։
Ուսումնասիրության ընթաքում հետազոտողները վերլուծել են 54 000 մարդու բժշկական գրառումները։ Պարզվել է, որ նրանց գրեթե մեկ երրորդը տառապել է քնի պակասից (քնել են 6 ժամ կամ ավելի քիչ)։ Հետազոտության մասնակիցների երկու երրորդը քնել է օպտիմալ քնի տեւողության համապատասխան (7-9 ժամ)։ Իսկ մնացածները քնել են ավելի քան 10 ժամ:
«Քնի ոչ օպտիմալ տեւողության եւ քրոնիկ հիվանդությունների միջեւ կապը մասամբ պայմանավորված է հոգեկան խանգարումների եւ գիրության հետ։ Այս ամենը հիմք է տալիս հասկանալու, որ քնի վիճակը դիտարկելուց բացի, բժիշկները պետք է նաեւ հետեւեն հիվանդների հոգեկան վիճակին եւ վերահսկեն քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)», - ընդգծում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ներկայացուցիչ Ջանեթ Քրոֆթը։






