Մարդու քիթը կարող է տարբերակել միլիարդավոր բույրեր։ Պարզվում է, որ բույրերը կարող են մեծ ազդեցություն ունենալ Ձեր վարքագծի վրա։ Չինացի գիտնականները հրապարակել են մի հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց մարդը ունակ է հոտառությամբ տարբերակել արական եւ իգական սեռը։ Ըստ այս հետազոտության, մարդու մարմինը արտադրում է քիմիական ազդակներ, որոնց միջոցով մենք շփվում ենք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հայտնում է iflscience.com-ը։

«Մեր արդյունքները վկայում են, որ գոյություն ունի մարդու սեռական ֆերոմոն»,- հայտարարել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Ուեն Չժոուն։ «Դրանք ցույց են տվել, որ քիթը կարող է տարբերել մարդու սեռը նրա մարմնի արտազատությունների օգնությամբ, անգամ այն դեպքում, երբ մենք կարծես թե ոչ մի հոտ չենք զգում։

Սեռական ֆերոմոն են կոչվում այն մոլեկուլները, որոնք  նպաստում են  հակառակ սեռի ներկայացուցիչ գտնելու եւ նրան գերելու գործընթացին։ Դրանք արտազատվում են նաեւ այլ շատ կենդանիների, այդ թվում` որոշ միջատների եւ կաթնասունների կողմից։ Գիտնականները դեռեւս վաղուց են մարդու մոտ հայտնաբերել ֆերոմոնի նմանակներ, սակայն նրանց գործառույթները դեռեւս լավ ուսումնասիրված չեն։

Հետազոտության հեղինակները հիմնականում շեշտը դրել են երկու ակտիվ ստերոիդների վրա՝ անդրոստադիենոն եւ էստրատետրաենոլ։ Անդրոստադիենոնն առկա է տղամարդկանց թեւատակի մազերում, իսկ էստրատետրաենոլը՝ կանաց մեզի մեջ։ Ավելի վաղ ցույց էր տրվել, որ անդրոստադիենոնը բարձրաձնում է կանանց տրամադրությունը, իսկ էստրատետրաենոլը ազդում է տղամարդու հոգեկան վիճակի վրա։ Այնուամենայնիվ, գիտնականները չգիտեին, արդյո՞ք այս նյութերը պարունակում են որոշակի տեղեկություն իրենց զուգընկերոջ կամ զուգընկերուհու մասին, ինչն իրականում ֆերոմոնը բնութագրող հատկանիշներից մեկն է։

Այս հարցին պատասխանելու համար հետազոտողները մի փորձ են իրականացրել արական եւ իգական ներկայացուցիչների հետ։ Նրանց բոլորին ցույց են տվել մի սխեմատիկ պատկեր, որի վրա կետերի միջոցով ուրվագծված է եղել մարդու մարմինը,  իսկ հետո նրանց խնդրել են որոշել նկարում պատկերված մարմնի սեռը։ Միեւնույն ժամանակ նրանց տվել են նաեւ անդրոստադիենոնի եւ էստրատետրաենոլի էքստրակտներ եւ ստուգման համար նախատեսված մի  նյութ, որը չի պարունակել մարդկու արտազատություններ:

Արդյունքները ցույց են տվել, որ անդրոստադիենոնի բույրի ժամանակ հետերոսեքսուալ կանայք (բայց ոչ տղամարդիկ) նկարում պատկերված մարդու ուրվագիծը ընկալել են որպես տղամարդ։ Էստրատետրաենոլի դեպքում հետերոսեքսուալ տղամարդիկ (եւ ոչ կանայք) այդ մարմինը նույնացրել են կնոջ մարմնի հետ։