Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումն  արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ընդունված միջոց է ամբողջ աշխարհում։  Սակայն Հայաստանում վերջերս ներդրված պատվաստման ծրագիրը  պահանջարկ չունի, ու մարդիկ, որոնք պետք է ստանային այդ պատվաստումը, չեն անում դա։ Առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը համարում է, որ այդ խնդիրը նախեւառաջ պայմանավորված է առողջապահության նախարարության ծրագրերի հանդեպ բնակչության անվստահությամբ։

NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նա նշել է, որ պատվաստման սխալ ներդրման ու հասարակայնության հետ մասնագետների սխալ աշխատանքի պատճառով շատերն այսօր չեն վստահում պատվաստանյութերի որակին (չնայած դրա համար իրական հիմքեր չկան), նաեւ բուն պատվաստման ծրագրին, քանի որ առհասարակ ԱՆ-ին չեն վստահում ։ Հաշվի առնելով, որ վերջին տարիների ընթացքում ԱՆ-ն արդեն ունեցել է մի քանի ձախողված ծրագրեր՝ շատերը չեն հավատում, որ նախարարության նոր ծրագրերը, այդ թվում պատվաստման ծրագիրը, իրոք որեւէ օգուտ կբերի։

Հիշեցնենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել են իրականացնել 2017-ի դեկտեմբերի 11-ից։ Ծրագրվում է  պատվաստել 16 000 13-ամյա աղջիկների, որոնք ծնվել են 2004-ի հունիսից հետո։ Ընթացիկ տարվա ապրիլի  վերջի դրությամբ, սակայն, ընդամենը 488 աղջիկ էր պատվաստվել։  

Տվյալ պատվաստման ներդրումը հակասական արձագանք է ստացել՝  դավադրության զանազան տեսությունների կողմնակիցների բազմաթիվ պնդումներ անհեթեթ են թվում, սակայն գարդասիլով պատվաստումներին դեմ են արտահայտվում նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, ու հայտնի է, որ այն բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունի։

Սակայն պատվաստման կողմնակիցներն էլ պնդում են, որ այդ պատվաստանյութը Հայաստանում գրանցվել ու կիրառվում է արդեն 10 տարի, ու որեւէ լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել պատվաստված 2000 մարդուց որեւէ մեկի մոտ։ Ավելին, որոշ բժիշկներ ու ԱՆ աշխատակիցներ ցուցադրաբար պատվաստել են իրենց երեխաներին գարդասիլով։

Նշենք նաեւ, որ Հայաստանում այս պահի դրությամբ դիսպանսերային հսկողության տակ է գտնվում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ 2990 կին, ու տարեկան մոտ 250 նոր դեպք է արձանագրվում։