Հակառակ տարածված տեսակետին՝ ուսապարկ կրելը երեխաների ու դեռահասների մոտ մեջքի ցավեր չի առաջացնում ։ Այս մասին ասվում է նոր զանգվածային հետազոտությունում, որը հրապարակվել է British Journal of Sports Medicine ամսագրում։ Հետազոտությունը դիտարկել է 69 գիտական աշխատություն, որոնք ընդգրկել են մոտ 72 հազար դպրոցականների։

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր, մանկաբույժ Սթիվեն Քեմփլերը՝ ուսապարկերի ոչ տեսակը, ոչ քաշը, ոչ դրանք կրելու ձեւը չեն ազդում երեխաների մոտ մեջքի ցավի առաջացման վրա։ Այս մասին է վկայում գիտական աշխատությունների մեծամասնությունը։

Բոլոր հետազոտություններից միայն չորսն են ցույց տվել, որ ուսապարկի մեծ քաշը կապակցված է մեջքի ցավերի հետ։ Երեք հետազոտություններ ուսապարկեր կրելու ձեւն են կապակցել ցավի առաջացման հետ։ Եւս մեկ հետազոտություն հավաստիացնում էր, որ արդեն իսկ մեջքի ցավ ունեցող աշակերտների 75 տոկոսի մոտ այդ ցավն ուժեղանում էր ուսապարկ կրելու հետեւանքով։ Բոլոր մնացած հետազոտությունները որեւէ կապ չեն հայտնաբերել ուսապարկ կրելու ու մեջքի ցավի միջեւ։

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ ամսական առնվազն մեկ անգամ մեջքի ցավից գանգատվում է երեխաների 18-24 տոկոսը։ Ցավոք, մանկական ու դեռահասային տարիքում այդ ցավի պատճառները բավարար ուսումնասիրված չեն։ Քեմփլերը պնդում է, որ այդ ախտանշանը չի հաջողվել կապակցել նույնիսկ վատ կեցվածքի ու սխալ աշխատանքային դիրքի հետ։

Երեխաների մեծ մասի մոտ մեջքի ցավն անցնում է ինքնուրույն, բայց որոշ դեպքերում ցավը դառնում է երկարատեւ ու սկսում է ազդել երեխաների առաջադիմության ու հոգեվիճակի վրա։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ պետք են լրացուցիչ գիտական աշխատություններ՝ պարզելու համար, թե երեխաների մոտ իրականում ինչու են առաջանում մեջքի ցավեր։