Գերմանիայում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ (ՄՊՎ) պատվաստումը կատարվում է արդեն երկար տարիներ, եւ այս ժամանակահատվածում պատվաստանյութը ներարկելուց հետո լուրջ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան եւ գինեկոլոգ Կորնելիա Լիդտկեն (Գերմանիա):
«Ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները մեր պրակտիկայում չենք հանդիպել հիվանդների, որոնք ՄՊՎ դեմ պատվաստվելուց հետո լուրջ կողմնակի էֆեկտների են բախվել,- ասաց մասնագետը: - Ոմանց մոտ որպես կողմնակի ռեակցիա թեթեւակի տկարություն է առաջանում մրսածության ժամանակ, սակայն դա 1-2 օր է տեւում: Ոմանց մոտ էլ կարմրում է ներարկման տեղը: Եվ վերջ, ես այլ կողմնակի ռեակցիաներ չեմ տեսել, իմ գործընկերները՝ նույնպես»:
Կորնելիա Լիդտկեի կարծիքով՝ ՄՊՎ դեմ պատվաստումը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման պարզ եւ արդյունավետ միջոց է: Այսպիսի պատվաստանյութի ներդրումը դյուրին է եւ չի պահանջում ո՛չ զարգացած ենթակառուցվածքներ, ո՛չ մեծ ներդրումներ՝ ի տարբերություն, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի ներդրման, որը պահանջում է կլինիկայի եւ մամոգրաֆիա անցկացնելու թանկարժեք սարքավորման առկայություն:
«Պատվաստումն ընդամենը ներարկում է, որը կարելի է կատարել եղած կլինիկաներում եւ նույնիսկ դրանցից դուրս՝ արտագնա առաքելությունների ժամանակ»,- նշեց մասնագետը:
Մասնագետների շրջանում կասկածներ չի հարուցում նաեւ պատվաստման արդյունավետությունը. նրա խոսքով՝ պատվաստանյութը կարող է ոչ միայն կանխել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը, այլեւ օգնել այն հիվանդներին, որոնց մոտ արդեն նախաքաղցկեղ է հայտնաբերվել. եթե նման հիվանդներին արգանդի վզիկի ոչ մեծ վիրահատություն կատարելուց հետո պատվաստեն, նախաքաղցկեղի կրկնակի զարգացման եւ արգանդի վզիկի քաղցկեղի վերափոխվելու վտանգը նկատելիորեն կնվազի:
Հիշեցնենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել են իրականացնել 2017-ի դեկտեմբերի 11-ից։ Ծրագրվում է պատվաստել 16 000 13-ամյա աղջիկների, որոնք ծնվել են 2004-ի հունիսից հետո։ Ընթացիկ տարվա ապրիլի վերջի դրությամբ, սակայն, ընդամենը 488 աղջիկ էր պատվաստվել։
Տվյալ պատվաստման ներդրումը հակասական արձագանք է ստացել՝ դավադրության զանազան տեսությունների կողմնակիցների բազմաթիվ պնդումներ անհեթեթ են թվում, սակայն գարդասիլով պատվաստումներին դեմ են արտահայտվում նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, ու հայտնի է, որ այն բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունի։
Սակայն պատվաստման կողմնակիցներն էլ պնդում են, որ այդ պատվաստանյութը Հայաստանում գրանցվել ու կիրառվում է արդեն 10 տարի, ու որեւէ լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել պատվաստված 2000 մարդուց որեւէ մեկի մոտ։ Ավելին, որոշ բժիշկներ ու ԱՆ աշխատակիցներ ցուցադրաբար պատվաստել են իրենց երեխաներին գարդասիլով։
Նշենք նաեւ, որ Հայաստանում այս պահի դրությամբ դիսպանսերային հսկողության տակ է գտնվում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ 2990 կին, ու տարեկան մոտ 250 նոր դեպք է արձանագրվում։






