Մարդու իմունոդեֆիցիտի դեմ (ՄԻԱՎ) Ad26 նոր պատվաստանյութն իր անվտանգությունը եւ արդյունավետությունը ապացուցել է գրեթե 400 մեծահասակների մասնակցությամբ մասշտաբային կլինիկական հետազոտության ընթացքում: Հետազոտությունը, որը հրապարակվել է հեղինակավոր The Lancet ամսագրում, հաստատել է մասնակիցների մոտ վիրուսի դեմ կայուն իմունային պատասխանը եւ դեղամիջոցի անվտանգությունը:
Հետազոտությանը մասնակցել են Արեւելյան ու Հարավային Աֆրիկայում, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում գտնվող 12 կլինիկաներից 18-50 տարեկան 393 առողջ կամավորներ: Մասնագետները կլինիկական հետազոտությունների միանգամից երկու փուլ են համատեղել (I փուլ եւ IIa փուլ), որոնցում ստուգվել է պատվաստանյութի անվտանգությունը եւ դոզավորման նախընտրելի մակարդակը: Բոլոր մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են 8 խմբի՝ տարածաշրջաններում երկուական (փորձարարական եւ ստուգիչ): Հետազոտությունը կրկնակի կույր էր, այսինքն՝ ո՛չ իրենք մասնակիցները, ո՛չ կազմակերպիչները մինչեւ վերջ չգիտեին՝ ով է պատվաստանյութ ստանում, ով՝ ոչ:
Փորձերի զրոյական եւ 12-րդ շաբաթում փորձխմբերում ընդգրկվածները ստացել են ներմկանային Ad26.Mos.HIV մոզաիկ պատվաստանյութ, որը միացնում է ՄԱՎ-1-ի միանգամից մի քանի շտամների սպիտակուցները: 28-րդ եւ 48-րդ շաբաթներին կամավորները վերապատվաստում են ստացել՝ Ad26.Mos.HIV-ի կամ Ankara մոդիֆիկացված վիրուսների կիրառմամբ, որոնք որպես ուղիներ են օգտագործվել gp140-ը հասցնելու համար՝ ՄԻԱՎ վիրուսի թաղանթի սպիտակուց: Ստուգիչ խմբում ընդգրկված հետազոտության մասնակիցները որպես պլացեբո աղային լուծույթ են ստացել:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ad26-ով պատվաստման բոլոր փորձարկված սխեմաները կամավորների առողջության համար անվտանգ են եղել եւ առաջացրել են միայն աննշան կողմնակի էֆեկտներ՝ ներարկման տեղում ցավի ձեւով (69-88 տոկոս ընդդեմ ստուգիչ խմբերի 49 տոկոսի), փորի եւ մեջքի ցավեր, գլխապտույտներ եւ դիարեա (5 մասնակցի մոտ): Դրանից զատ, պատվաստումը նպաստել է հակամարմինների թվի զգալի մեծացմանը ընդդեմ վիրուսային թաղանթի սպիտակուցների, ինտենսիվ ֆագոցիտոզի եւ իմունային T-բջիջների ակտիվացման:
Հետազոտողները զուգահեռ պատվաստանյութը ստուգել են 72 ռեզուս մակակների վրա, որոնց մոտ նույնպիսի իմունային պատասխան է նկատվել, ինչպիսին մարդկանց մոտ: Ինչպես նշում են մասնագետները, կենդանիների մոտ նկատվել է SHIV-SF162P3 կապիկների իմունոդեֆիցիտի վիրուսով վարակման 67-տոկոսանոց պաշտպանություն:






