Նույնիսկ չափավոր ջրազրկումը կարող է նվազեցնել մարդու կենտրոնացվածությունը, վատացնել տրամադրությունը եւ բացասաբար անդրադառնալ կոգնիտիվ ընդունակությունների վրա: Այս մասին վկայում է Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտությունը:
Ինչպես հայտնում է MPR News-ը, գիտնականները վերլուծել են 33 հետազոտությունների տվյալները: Պարզվել է, որ 1,5-2 տոկոսով ջրազրկում կարող է սկսվել մեկժամյա դանդաղ զբոսանքից հետո: Միջինվիճակագրական մարդու համար 2 տոկոսով ջրազրկումը հավասար է մեկ լիտր ծավալով քրտնարտադրությանը: Վազելիս նման «արդյունքի» հասնում են կես ժամում:
Բժիշկները նշում են, որ մարդը սկսում է ծարավ զգալ միայն այն ժամանակ, երբ ջրազրկումը հասնում է բարձր մակարդակի: Ընդ որում՝ շատերը չեն կարող զգալ, որ իրենց օրգանիզմում ջրազրկումը հասել է 1,5 տոկոսի նիշին:
Մինչդեռ, փորձի ժամանակ պարզվել է, որ ջրազրկման դեպքում կանայք թեստեր լուծելիս գրեթե 12 տոկոսով ավելի շատ սխալներ են կատարել: Ընդ որում՝ անհրաժեշտ քանակությամբ ջուր օգտագործելու դեպքում նրանց ցուցանիշները բարելավվել են:
Որպես կանոն, մարդիկ օրական անհրաժեշտ ջրի մոտ 20 տոկոսը ստանում են մրգերով, բանջարեղենով եւ այլ սննդամթերքով: Կոնկրետ մարդու ջրի պահանջը կախված է նաեւ մարմնի զանգվածից եւ մկանային զանգվածի ծավալից: Սակայն արժի, այնուամենայնիվ, հետեւել պարզ կանոնին՝ ջուր խմել ամբողջ օրվա ընթացքում:
Օրգանիզմի ջրազրկման ցուցիչ կարող է լինել մեզի գույնը: Սովորաբար մուգ գույնի մեզը վկայում է ջրազրկման մասին: Լավագույն գույնն է բաց դեղինը:






