Սննդային ճարպերը կարող են չժանգոտվող պողպատից սպասքը հուսալիորեն պաշտպանել բակտերիաներից: Այսպիսի եզրահանգում են կատարել Կանադայի եւ Եգիպտոսի գիտնականները:

Հետազոտության ժամանակ նրանք սպասքի մակերեւույթը մշակել են FOSC (food-safe oil-based slippery coating) սննդային ճարպերի հիմքով լուծույթով: Ֆանտաստիկ արդյունք է ստացվել. կաթսաներում եւ թավաներում բակտերիաների քանակությունը գրեթե 1000 անգամ նվազել է:

Հետազոտությունը կարեւոր նշանակություն ունի հասարակական սննդի օբյեկտների եւ արտադրամասերի համար, որտեղ մթերքների մշակման համար օգտագործվում են խոշորաչափ խոհանոցային մեքենաներ՝ մեծ տարողությամբ չժանգոտվող տարաներով: Դրանք դժվար է մաքրել, ինչն այն կատարյալ վայր է դարձնում բակտերիաների բազմացման համար:

Մինչդեռ սննդային ճարպերի բարակ շերտն ունակ է կանխելու այնպիսի բակտերիաների բազմացումը, ինչպիսին են՝ Salmonella-ն եւ Listeria-ն: Այս տեխնոլոգիայի դրական կողմերից է նաեւ այն, որ FOSC-ը լցնում է տարայի բոլոր ճեղքերը՝ դրանով իսկ հուսալի պաշտպանություն ապահովելով: Ընդ որում՝ այս շերտը կարող է դիմանալ լվացող միջոցներով բազմակի մշակմանը:

Մասնագետները նշում են, որ սա խոհանոցային սպասքում բակտերիաների բազմացումը կանխող պարզ, էժան եւ անվտանգ միջոց է: Գիտնականների խումբը մտադիր է չբավարարվել ձեռք բերածով եւ ծրագրում է շարունակել այս ոլորտում իր հետազոտությունները: